Վրաստանի հանրային պաշտպանը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ հետևում է մարտի 8-ին Ադիգենիում կրոնական հողի վրա տեղի ունեցած վիճաբանությանը և իրադարձություններին։
Հանրային պաշտպանը հայտարարել է, որ իր համար անընդունելի է ցանկացած բռնություն և Սահմանադրությամբ երաշխավորված կրոնական ազատության սահմանափակում։
«Այս փուլում իրավիճակն ուսումնասիրվում է, պարզվում են օբյեկտիվ, փաստական հանգամանքները, որից հետո մանդատի շրջանակներում կտրվի համապատասխան արձագանք»,- ասված է հաղորդագրությունում։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 8-ին, Սամցխե-Ջավախեթիի Ադիգենի ավանում։ Ուղղափառ քրիստոնյաները հավաքվել են մասնավոր անձի՝ Մերաբ Միքելաձեի տանը և արգելել մուսուլմաններին աղոթել այնտեղ։ Նրանց խոսքով՝ մեկ օր առաջ Ադիգենիի ուղղափառներն ու մուսուլմանները պայմանավորվել են, որ մասնավոր անձին պատկանող տունը «մզկիթի չվերածվի» և, ըստ մուսուլմանական ավանդույթի, ամեն ուրբաթ օր այնտեղ աղոթք չանեն։ Տեղում հավաքվածների խոսքով, իրենք այդ խոստումը տանտիրոջից ստացել են հինգշաբթի օրը, սակայն ուրբաթ օրն աղոթք է արվել։
Ուրբաթ օրվա վերջում «Բաթումելեբի» լրատվամիջոցը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, որ երկու կողմերը փորձում են ֆիզիկական ուժ կիրառել միմյանց դեմ։ Տան մոտ ոստիկաններ են մոբիլիզացվել՝ էսկալացիայից խուսափելու համար։ Կողմերը լրատվամիջոցներին մեկնաբանություններ չեն տալիս։ Տեղացիները նույնպես չեն շփվում լրագրողների հետ։