Այսօր կանայք դառնում են ուժի և հերոսության չափանիշ․ Մարտի 8-ն ու կանանց իրավունքները

Այսօր՝ մարտի 8-ին,  ինչպես աշխարհի շատ երկրներում, Վրաստանում ևս նշվում է կանանց միջազգային օրը։

Տոնի իրական գաղափարը կանանց իրավունքների պաշտպանությունն ու տղամարդկանց հետ հավասար իրավասությունների ձեռքբերումն է։ Վրաստանում կանանց իրավունքների պաշտպանության և տոնի նշանակության վերաբերյալ զրուցել ենք Մասնագիտությամբ իրավաբան, Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Union FREYA կազմակերպության անդամ Մարիամ Մխեիձեի հետ․

«Այսօր կանայք դառնում են ուժի և հերոսության չափանիշ, նրանց չեն կարող կանգնեցնել խոչընդոտները և չնայած Վրաստանում ստեղծված իրավիճակին, բարեբախտաբար կան կանայք, ովքեր պայքարում են բռնության դեմ և օրինակ են դառնում այլ կանանց համար։ Բոլոր այն կանանց, ովքեր դեռ չգիտեն, թե որքան ուժ ունեն իրենց իրավունքների համար պայքարելու համար, ուզում եմ ասել, որ չնայած դժվարին ճանապարհին, որը պետք է հաղթահարես, կարելի է երջանիկ և ազատ լինել»։

Իրավաբանը նշում է, որ Վրաստանում բռնության զոհ դարձած կանանց թիվը մտահոգիչ է, հատկապես՝ ֆեմիցիդների վիճակագրությունը․

«Կանանց համար շատ խոչընդոտներ կան, ցավոք, հասարակության մի մասը կնոջն ընկալում է որպես երկրորդական անձ և դա, իհարկե, մի շարք խնդիրներ է ստեղծում աղջիկների և կանանց համար ռեսուրսների հասանելիության առումով։ Որոշ տղամարդիկ կարծում են, որ կանայք իրենց սեփականությունն են և պետք է անեն այնպես, ինչպես ուզում են, ես կցանկանայի ապրել մի հասարակությունում, որտեղ մարդիկ բաժանված չեն առաջին և երկրորդ կարգի արարածների, որտեղ բոլոր կանայք ազատ և երջանիկ են»։

Մխեիձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում իր շնորհավորանքներն է հղում մեր ընթերցող կանանց։

Հատկանշական է, որ այս տոնն ունի հսկայական պատմություն։ Տասնամյակներ առաջ այս օրը տոնվում էր, որպես հեղափոխական կանանց օր, ովքեր պայքարում էին հակառակ սեռի հետ միևնույն հարթակի վրա կանգնելու համար։

Տոնին առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857 թվականի մարտի 8-ին, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: Մասնավորապես, բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ:

Կես դար անց՝ 1908-ի նույն օրը, Նյու Յորքի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին Կանանց ազգային օր հռչակեց: