Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը՝ արձագանքելով ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությանը, պարզաբանում է տարածել՝ Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիի մասնակցությամբ Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ։
Պարզաբանման մեջ նշված է, որ Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Գերտ Յան Քոփմանը Բրյուսելում հանդիպել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինի և նրա հետ պատվիրակության մի քանի մարդկանց հետ: Նշենք, որ Բրյուսելում հանդիպմանը մասնակցել է նաև Զուրաբ Ադեիշվիլին:
Եվրոպական միության ներկայացուցչությունը նշել է, որ այս «հանդիպումը այլ կերպ ներկայացնելը ապատեղեկատվություն է», սակայն դա վկայում է այն մասին, որ ապատեղեկատվության դեմ պայքարը Վրաստանի համար առաջադրված «ինը քայլերի» առաջին քայլը պիտի լինի։
«Այս հանդիպումը այլ կերպ ներկայացնելը ապատեղեկատվություն է (մինչդեռ ճիշտ տեղեկատվություն կարելի է հեշտությամբ ստանալ ԵՄ էջերում սոցիալական ցանցերում): Եվրամիության դեմ ուղղված ապատեղեկատվության դեմ պայքարը առաջին քայլն է այն ինը քայլերից, որոնք պետք է ձեռնարկվեն դեպի անդամակցության բանակցությունների մեկնարկը»,- ասված է Վրաստանում ԵՄ ներկայացուցչության պարզաբանման մեջ։
Ի դեպ, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մարտի 7-ին արձագանքել է Բրյուսելում Ադեիշվիլիի մասնակցության կայացած հանդիպումների հարցին։ Նա հույս է հայտնել, որ Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավարը պարզաբանում կանի Ադեիշվիլիի մասնակցութթյամբ հանդիպումների վերաբերյալ։
«Ցավալի է, և հուսով եմ, որ ԵՄ դեսպանը կպարզաբանի, գիտե՞ն, թե ում հետ են հանդիպել Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները, և հայտնի դառնալուց հետո ի՞նչ են ասելու վրաց ժողովրդին, ինչպես են պատրաստվում պարզաբանումներ անել այս առնչությամբ»,- ասել է Պապուաշվիլին:
Զուրաբ Ադեիշվիլին լքել է Վրաստանը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Նա մի քանի քրեական գործերով հեռակա դատապարտվել է։
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին 2020 թվականի մայիսին հայտարարեց, որ Զուրաբ Ադեիշվիլին աշխատում է որպես Ուկրաինայի գլխավոր դատախազի խորհրդական։
2021 թվականին դադարեցվել է Զուրաբ Ադեիշվիլիի Վրաստանի քաղաքացիությունը։ Վրաստանի արդարադատության նախարարության տվյալներով, 2021 թվականի մարտի 4-ին Ադեիշվիլին ինքն է խնդրել դադարեցնել Վրաստանի քաղաքացիությունը, քանի որ ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն։
2013 թվականի հունվարի 10-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել էր Ինտերպոլին՝ մի քանի գործերով մեղադրյալ Զուրաբ Ադեիշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու խնդրանքով։ Միջնորդագիրը հաստատվել է 2013 թվականի նոյեմբերի 14-ին, իսկ Զուրաբ Ադեիշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։
2015 թվականի ապրիլի 9-ին Վրաստանի դատախազությունը նամակ է ստացել Ինտերպոլից՝ Զուրաբ Ադեիշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու և նրան փախստականի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ։
Փորձագետների կարծիքով, Ադեիշվիլիին փախստականի կարգավիճակ տվող երկիրը կարող է լինել Հունգարիան, որտեղ Զուրաբ Ադեիշվիլին ապրել է Վրաստանից հեռանալուց հետո, թեև ենթադրությունները վերաբերում են նաև Ուկրաինային, որտեղ, ըստ տարբեր աղբյուրների, նա աշխատել է որպես անկախ խորհրդական։