Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Հանրային հիմնարկներում աշխատանքի վարձատրության մասին» օրենքի նախագիծը։ Ըստ փոփոխության՝ ավելանալու են պետական ու քաղաքական պաշտոնյաների աշխատավարձերը։
Օրենքի նախագծում փոփոխություններին կողմ է քվեարկել 77 պատգամավոր։ Սա նշանակում է, որ հաջորդ տարվանից կավելանա վարչապետի, նախագահի, նախարարների կաբինետի աշխատավարձը։ Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է։
Նախագահի և վարչապետի համար սահմանվել է ամենաբարձր գործակիցը. նրանց տարեկան աշխատավարձը կհասնի 160 հազար լարիի։ Ըստ այդմ՝ նախագահի աշխատավարձը կավելանա 75 հազարով, վարչապետինը՝ 118 հազարով, իսկ նախարարների աշխատավարձը միջինը կավելանա 50-ից 70 հազար լարիով։
Նախարարների կաբինետի, վարչապետի և նախագահի աշխատավարձը որոշվում է գործակիցը բազմապատկելով բազային պաշտոնյայի աշխատավարձի վրա և արտացոլվում է համապատասխան պետական հիմնարկի հաստիքացուցակում։
Ըստ իշխող թիմի նախաձեռնած օրենքի նախագծի՝ նախագահի ու վարչապետի համար այս գործակիցը 10 է, իսկ նախարարների համար՝ 8,50։
Նշված փոփոխությունը չի տարածվի երկրի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վրա, քանի որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն խորհրդարանական ընտրություններից հետո։
Օրինագիծն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։