«Ամենայն հավանականությամբ, իշխանությունների համար անցանկալի անձանց երեխաների դեմ որս է սկսվել: Իշխանության ամենահայտնի քննադատներից մեկի` «Քրոնիկա+» թերթի գլխավոր խմբագիր Էլիսո Կիլաձեի որդու երեկվա ձերբակալումից հետո, ձերբակալվել է նաև Ուկրաինայի պարեկային ոստիկանության նախկին պետ Խաթիա Դեկանոիձեի որդին` Թոռնիկե Կոպալեիշվիլին»,-այս մասին գրում է «Apsny.ge» պարբերականը:
Դատարանը Կոպալեիշվիլիին որպես խափանման միջոց նախնական կալանքի է ենթարկել:
Էլիսո Կիլաձեի որդու գործի նման, այս դեպքում նույնպես՝ Դեկանոիձեի որդին մեղադրվում է թմրանյութեր ձեռք բերելու և պահպանելու մեջ: Վրաստանի ՆԳՆ-ից առայժմ որևէ մեկնաբանություն չեն արել:
Ի դեպ, պարբերականի փոխանցմամբ, Էլիսո Կիլաձեի որդին արդեն թմրանյութային թեստ է անցել, ըստ որի՝ տղան թմրանյութ չի օգտագործել:
Էլիսո Կիլաձեն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ականատեսներ են եղել, թե ինչպես են ոստիկանները փորձել թմրանյութ դնել իր որդու մոտ: Վերջինս փախուստի է դիմել, սակայն նրան ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել: Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը հաստատել է Կիլաձեի որդու մարմնին առկա վնասվածքների փաստը:
Լուսանկարը` mes.gov.ge