Քաղաքացիական ակտիվիստ Նատա Փերաձեն հայտնել է, որ մարտի 6-ին Դիղոմի գյուղում, որտեղ ժամանել է երկու այլ ակտիվիստի հետ, մոտ 10 հոգի հարձակվել են իր վրա։
Radiotavisupleba լրատվականի հետ զրույցում նա պատմել է, որ Դիղոմի գյուղ է մեկնել ջերմոց վարձելու նպատակով, և ագրեսիվ մի անձ սկսել է վիրավորել իրենց։ Որոշ ժամանակ անց, երբ մեքենայում նստած են եղել, իրենց վրա հարձակվել են 10 տղաներ: Ըստ Փերաձեի՝ մեքենան չի վնասվել, բայց «շատ ագրեսիվ են հարվածել»։
Նրա խոսքով, հարձակումից հետո իրենք գնացել են 20-30 մետր հեռավորության վրա գտնվող ոստիկանական բաժանմունք ու դիմում գրել կատարվածի մասին։ «Նրանք մեզ ասացին, որ տեսահսկման սարքերով կբացահայտեն, թե ով է եղել, և կարձագանքեն»,- ասել է Փերաձեն։
Նշենք, որ Փերաձեն նախկինում ևս դարձել է խմբակային հարձակումների և սպառնալիքների զոհ։ Հունվարի 9-ին Փերաձեն սոցցանցում տեսանյութ էր տարածել, որում երևում էր, որ Իոսիֆ Ստալինին պատկերող սրբապատկերին ներկ է լցված: ՆԳՆ-ն հետաքննություն էր սկսել ներկ լցնելու փաստի առթիվ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ հոդվածով` մանր խուլիգանություն։
Հունվարի 10-ին ռուսամետ և բռնի գործողություններով հայտնի «Ալտ-Ինֆո»-ի անդամները հավաքվել էին քաղաքացիական ակտիվիստ Փերաձեի տան դիմաց: «Ալտ-Ինֆո»-ի անդամները բողոքում էին Սամեբայի (Սուրբ Երրորդության) տաճարում Սուրբ Մատրոնայի սրբապատկերի վրա ներկ լցնելու դեմ, որտեղ պատկերված է նաև խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինը։ Դատավորը փետրվարի 2-ին ակտիվիստին դատապարտել է ազատազրկման՝ մանր խուլիգանության համար։ Փերաձեն նախնական կալանավայրը լքել է փետրվարի 7-ին՝ 5-օրյա վարչական կալանքից հետո։