Հունգարական բյուջետային Wizzair ավիաընկերության վրացի և բելառուս ուղևորներին թույլ են տվել առանց որևէ խնդրի հեռանալ Ռումինիայից։ Նրանց նկատմամբ իրավական որևէ քայլ չի ձեռնարկվել։ Այս մասին հայտնում են ռումինական լրատվամիջոցները։
Մեմինգհեմ-Քութայիսի չվերթում մարտի 4-ին ծեծկռտուք է տեղի ունեցել. այդ ժամանակ ինքնաթիռը գտնվել է Ռումինիայի օդային տարածքում։
Վրացական Netgazeti լրատվականին ականատեսը պատմել է, որ վրացի և բելառուս ուղևորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել։ Նշվածի պատճառով, ինքնաթիռն անմիջապես վայրէջք է կատարել Ռումինիայի Կլուժ-Նապոկա օդանավակայանում։ Վայրէջքից հետո ինքնաթիռից դուրս են բերվել Բելառուսի մեկ և Վրաստանի երկու քաղաքացի։ Բելառուսի քաղաքացին վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։
Ռումինական լրատվամիջոցները հայտնել են, որ Բելառուսի քաղաքացին վերադարձել է Մեմինգհեմ, իսկ Վրաստանի քաղաքացիները` մեկ այլ ինքնաթիռով շարունակել են թռիչքը դեպի Քութայիսի։ Նույն հաղորդագրության համաձայն, ռումինացի իրավապահները ծեծկռտուքի մասնակիցներին չեն ձերբակալել, քանի որ նրանց ծեծկռտուքը վտանգ չի ներկայացրել ուղևորների և տվյալ ինքնաթիռի անվտանգության համար։