Վրաստանի հանրային պաշտպանը Խելվաչաուրիի մունիցիպալիտետի Ախալսոփելի գյուղի տնօրենին կոչ է անում՝ չխրախուսել խտրականությունը ուսումնական հաստատությունում և անհավասար վերաբերմունք չցուցաբերել աշակերտների նկատմամբ։
2023 թվականի դեկտեմբերի 18-ին հանրային պաշտպանը դպրոցականների անունից դպրոցի տնօրենին ուղարկված հայտարարությամբ տեղեկացել է գենդերային հիմքով հնարավոր խտրականության փաստի մասին։
Ախալսոփելիի հանրակրթական դպրոցի աշակերտուհիներին տարիներ շարունակ արգելել են տաբատ հագնել։ Անկախ եղանակից, նրանցից պահանջվել է կրել կիսաշրջազգեստ և սպիտակ վերնաշապիկ։ Հանրային պաշտպանին ուղարկված նամակում աշակերտուհիները նշել են, որ հագուստի վերաբերյալ տնօրենի հետ զրույցն անարդյունք է ստացվել, «պատասխանը եղել է, որ նշված հարցը քննարկման ենթակա չէ»։
Հանրային պաշտպանն ուսումնասիրել է խնդիրը և պարզել, որ այս դպրոցում աղջիկների ընտրության իրավունքը սահմանափակված է։ Ավելին, նա կարծում էր, որ հագնվելու նման կանոնները նպաստում են կարծրատիպերի ձևավորմանը, ինչը հաճախ ազդում է նաև կանանց իրավունքների վրա։
«Աշակերտներն իրավունք ունեն կրելու և՛ կիսաշրջազգեստ, և՛ տաբատ, և նշված հարցը չպետք է կախված լինի միայն դպրոցի կամայական որոշումից…»,- դպրոցի տնօրենին ուղղված նամակում գրել է հանրային պաշտպանը։
Դպրոցի տնօրենը օմբուդսմենին տեղեկացրել է, որ փոխել է համազգեստի վերաբերյալ որոշումը՝ հաշվի առնելով սեզոնայնությունը և թույլատրել է աշակերտներին ձմռանը տաբատ կրել։ Հանրային պաշտպանը կարծում է, որ նույնիսկ այս դեպքում պարզ չէ, թե ինչպես կարելի է սեզոնայնությամբ հիմնավորել տաբատ կրելը:
Հանրային պաշտպանը դպրոցի տնօրենին հիշեցրել է Վրաստանի Սահմանադրության 11-րդ հոդվածը, ըստ որի՝ արգելվում է գենդերային խտրականությունը: Օմբուդսմենի հանձնարարականն է՝ փոխել դպրոցում գործող կանոններն այնպես, որ աշակերտների միջև հավասարությունը չխախտվի։