Ջավախքի Գանձա գյուղից Լիլիթ Բադիշյանը դասավանդում է Թբիլիսիի թիվ 103 հանրային դպրոցի հայալեզու բաժնում: Ավարտելով դպրոցը, նա որոշեց ուսումը շարունակել մայրաքաղաքում՝ ընդունվելով Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի հայագիտության ամբիոն։
Լիլիթը հիշելով բակալավրիատում սովորելու տարիները՝ ասում է, որ սկզբում դժվար էր ուսումն իրեն տրվում, քանի որ գրեթե չէր տիրապետում պետական լեզվին, այդուհանդերձ, չի վարանել, կանգ չի առել․
«Համալսարանն ավարտելուց հետո որոշեցի հայրենի Գանձա գյուղի դպրոցում վրաց լեզվի ուսուցիչ աշխատել, հմտություններս զարգացնել։ Մի քանի տարի դպրոցում աշխատելուց և ուսուցչի քննություն հանձնելուց հետո որոշեցի կարիերաս շարունակել Թբիլիսիում՝ պրակտիկա անցնելով»,- ասում է Լիլիթը՝ պատմելով, թե ինչպես էր հասնում Թբիլիսիի 103-րդ դպրոց, որը գտնվում է մայրաքաղաքի ծայրամասում՝ Մետրոմշենիում։ Թաղամասը խիտ բնակեցված է հայախոս բնակչությամբ, ուստի դպրոցում գործում է հայկական բաժին։ Լիլիթը դպրոցում սկսեց աշխատել «Վրացերենը որպես երկրորդ լեզու» առարկայի ուսուցչուհի (հայալեզու աշակերտներին վրացերեն էր դասավանդում)։ Սակայն շուտով այնպես է ստացվում, որ դպրոցում թափուր է դառնում հայոց լեզվի և գրականության ուսուցչի պաշտոնը։ «Եվ ես որոշ ժամանակով, փոխարինելով հիմնական ուսուցչուհուն, սկսեցի դասավանդել հայոց լեզու, որն ինձ համար մեծ փորձ էր»,- ասում է Լիլիթը։
Հայագիտության ամբիոնը Իվ. Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում գործում է հիմնադրման ժամակաշրջանից։ Ներկայում ԹՊՀ-ն միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է Վրաստանում, որտեղ կա նման բաժին։ Ամբիոնն այժմ ղեկավարում է Նաթիա Չանթլաձեն, ով մասնագիտությամբ հայագետ է․
«Հայագիտության ամբիոնը, որպես կառուցվածքային միավոր, կարծես թե գոյություն ունի 1922 թվականից»,- «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է նա։ Թբիլիսիի պետական համալսարանը հիմնադրվել է 1918 թվականին, և համալսարանում առաջին իսկ տարիներից կարելի է տեսնել հայոց լեզուն և հայագիտական առարկաները։
1979-1980 թվականներին ամբիոնը ղեկավարել է պատմաբան, բանասեր, հայագետ, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր Զազա Ալեքսիձեն։ Ալեքսիձեն մահացել է անցյալ տարի, «Ազատություն» ռադիոկայանի համար գրած իր օրագրերում նա հիշատակելով հայագիտության ամբիոնը, պատմում է այն ժամանակաշրջանի մասին, երբ ամբիոնը դեռ նոր էր իր ղեկավարությանը հանձնվել։
«Դա այն ժամանակահատվածն էր, երբ հայագիտության ամբիոնը փակման եզրին էր…Եթե ճիշտ եմ հիշում, հայագիտության ամբիոնում ընդամենը մեկ կուրս կար, կարծեմ չորրորդն էր՝ երեք ուսանողով… Երբ ես եկա, առաջին կուրսում ընդունեցինք ուսանողներ։ Այդպիսով ես փորձում էի ամբիոնը պահպանել ու հետագայում հասնել ավելիին»։
Չնայած իր երկար պատմությանը, այս բակալավրաիտի ծրագիրը այնքան էլ հայտնի չէ դիմորդների շրջանում: Ներկայումս բակալավրիատում սովորում է 3 ուսանող։
Նաթիա Չանթլաձեն դա բացատրում է նրանով, որ ընդհանուր առմամբ տեխնիկական թեքվածությունների համեմատ հումանիտար բաժինների նկատմամբ հետաքրքրության պակաս կա։
Լիլիթ Բադիշյանի խոսքով, հայագիտության ամբիոն ընդունվող դիմորդների սակավությունը կարելի է բացատրել նրանով, որ ուսումն ավարտելուց հետո բարձր վարձատրվող աշխատանք գտնելու շանսերը քիչ են:
Լիլիթը դասավանդում է հանրային դպրոցում: Ասում է, որ դպրոցում աշխատավարձը համեմատաբար բարձր է, բայց ծրագիրն ավարտելուց հետո աշխատանքի տեղավորման հնարավորութունները քիչ են։ Մեկ այլ հնարավորություն թարգմանիչ աշխատելն է։ Սակայն, ինչպես ինքն է ասում, «վրացերենից հայերեն թարգմանությունը այնքան էլ եկամտաբեր չէ»։
Ամբիոնի ղեկավար Նաթիա Չանթլաձեն պատմում է համալսարանի ձեռագրերի կենտրոնի և այնտեղ պահվող բազմաթիվ հին հայկական ձեռագրերի մասին։ Ասում է, որ ձեռագրերի կենտրոնին անհրաժեշտ են մասնագետներ, որոնք վերապատրաստվում են հայագիտության ամբիոնի կողմից։
Հայագիտության ամբիոնում դասավանդվող առարկաների ցանկը քիչ չէ։ Պարտադիր առարկաներն են՝ Ժամանակակից հայոց լեզու, գրաբար, Հայ գրականության պատմություն և բանահյուսություն, Ժամանակակից Հայաստանը․ քաղաքականություն, տնտեսություն, հասարակություն, վրաց-հայկական լեզվական և գրական հարաբերություններ և այլն։
Լելա Ջեջելավան ամբիոնի դասախոսներից է, դասավանդում է «Ժամանակակից Հայաստանը․ քաղաքականություն, տնտեսություն» առարկան։ Նկատում է, որ իր դասախոսություններին մասնակցում են ինչպես հայագիտության ամբիոնի, այնպես էլ այլ ուղղությունների ուսանողներ։
«Ժամանակի ընթացքում երիտասարդների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ավելի ու ավելի է խորանում: Դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով, այդ թվում և, որ ինտեսիվացել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցերը։ Երիտասարդները նաև ավելի լավ հասկացան, թե ինչու է անհրաժեշտ Հայաստանն ուսումնասիրել որպես պետություն։ Պարզ է, որ ավելի մեծ հետաքրքրություն կա հայալեզու երիտասարդների կողմից, ովքեր, որպես հայոց լեզվի կրողներ, Հայաստանը հետաքրքիր են համարում տարբեր տեսանկյուններից»,- ասում է Ջեջելավան։
Խոսելով այն մասին, թե որքան կարևոր է այս դարավոր հարևան երկրների համար միմյանց ճանաչելը, Ջեջելավան ասում է. «Մենք իրար լավ չենք ճանաչում, սակայն դա միայն մեր խնդիրը չէ, շատերի հետ է պատահում։ Բայց ով էլ երբևէ կապ է ունեցել հայագիտության ամբիոնի հետ, կրթություն է ստացել կամ մասնակցել որևէ ծրագրի, առավել տեղյակ է Հայաստանի մասին, քան թե՛ Վրաստանի, և թե՛ Հայաստանի շարքային քաղաքացին»։
Հիշեցնենք, որ ԹՊՀ-ի հայագիտության ամբիոնի աշխատանքին «Ալիք Մեդիան» ավելի վաղ ևս անդրադարձել էր։ 2022 թվականին Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հայագիտության բաժինը նշեց հիմնադրման 100-ամյակը։ Հոբելյանական տարվա կապակցությամբ համալսարանում կազմակերպվել է կոնֆերանս և ցուցահանդես։ Ցուցահանդեսում ներկայացված էին հայերեն և վրացերեն գրքեր, ձեռագրեր, ցուցանմուշներ։