Վրաստանում ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկը, հավանաբար, կնվազի, և 2025 թվականից այս ոլորտում վճարման նոր դրույքաչափ կկիրառվի։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները փոփոխություններ են պատրաստել Հարկային օրենսգրքում, ըստ որի՝ ակցիզային հարկը 60 լարիից կնվազի մինչև 30 լարի: Նախաձեռնողների խոսքով, հարկերի նվազեցումն անհրաժեշտ լծակ է ոլորտի զարգացումը խթանելու, մրցունակությունը բարձրացնելու և ապօրինի ծխախոտի ներմուծումը պակասեցնելու համար։
«Վրաստանում ծխախոտագործությունը հիմնականում տարածված է Աջարիայի, Մառնեուլիի և Լագոդեխիի բարձրադիր շրջաններում։ 2020 թվականի տվյալներով, Աջարիայի բարձրլեռնային գոտում 140 հա-ի վրա ծխախոտ է աճեցվել, բերքատվությունը կազմել է 314 տոննա, ծխախոտի մշակությամբ զբաղվել է շուրջ 1000 ընտանեկան տնտեսություն։
Արդյունաբերության զարգացումը բախվում է այնպիսի խնդիրների և մարտահրավերների, ինչպիսիք են մշակման բարդ և թանկ տեխնոլոգիաները, որակյալ կադրերի և լաբորատորիաների բացակայությունը և այլն»,- bpn լրատվականի փոխանցմամբ՝ նշված է օրենքի նախագծի պարզաբանման մեջ։
Հաշվի առնելով, որ օրինագծով նախատեսվում է ծխախոտի արտադրանքի ակցիզը 60 լարիից նվազեցնել մինչև 30 լարի, ըստ նախաձեռնողների՝ բյուջեի եկամտային մասը տարեկան կնվազի մոտավորապես 24 մլն 965 հազար 047 լարի 20 թեթրիով. «Սակայն ակցիզային հարկի դրույքաչափի նվազեցմամբ պայմանավորված բյուջեի եկամուտների կորուստը կփոխհատուցվի շուկայում ապօրինի ծխախոտն օրինականով փոխարինելու և դրա շնորհիվ բյուջետային եկամուտների ավելացմամբ»: