Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարությունը սահմանել է 2024-2025 ուսումնական տարվա առաջին դասարանցիների գրանցման ժամկետներն ու պայմանները։
ԿԳԵ նախարար Գիորգի Ամիլախվարիի որոշմամբ՝ դպրոցական տարիքի հետ կապված «Հանրակրթության մասին» Վրաստանի օրենքում փոփոխություն է կատարվել։ Մասնավորապես, 2024-2025 ուսումնական տարում առաջին դասարան կարող են հաճախել այն երեխաները, որոնք մինչև դեկտեմբերի 1-ը կդառնան 6 տարեկան: Ընդգծենք, որ այս երեխաների գրանցումը պարտադիր չէ. որոշումը կայացնում է ծնողը:
Գրանցման առաջին փուլում՝ 2024 թվականի մարտի 6-ից մինչև մարտի 20-ը, դպրոցներում կգրանցվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները։ Առաջին փուլում գրանցված երեխաների փաստաթղթերի ներկայացման և ընդունելության ժամկետն է 2024 թվականի մարտի 21-ից մինչև 2024 թվականի ապրիլի 26-ը։
Գրանցման երկրորդ փուլը կլինի մայիսի 1-16-ը, որի ժամանակ կարող են գրանցվել այն երեխաները.
- որոնց քույրերն ու եղբայրները նույնպես սովորում են ցանկալի դպրոցում,
- ծնողը/խնամակալը ցանկալի հանրակրթական դպրոցի աշխատող է,
- ընտանիքի երկու և ավելի երեխաներ միաժամանակ գնում են առաջին դասարան:
Ընդհանուր գրանցումը կմեկնարկի երրորդ փուլով՝ մայիսի 20-ից, և կշարունակվի մինչև հունիսի 13-ը։ Երրորդ փուլին էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտների անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը կիրականացվի հունիսի 14-25-ը։ Նշված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումն ինքնաբերաբար կչեղարկվի։
Իսկ չորրորդ փուլում՝ հունիսի 24-ից հուլիսի 12-ը, գրանցվելու հնարավորություն կունենան այն աշակերտները, որոնք չեն գրանցվել I, II և III փուլերում կամ ցանկանում են փոխել գրանցումը:
Առաջին դասարանցիների գրանցումը կկատարվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի register.emis.ge պաշտոնական կայքում։ Գրանցումն իրականացնում է ծնողը/օրինական խնամակալը: