Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «շատ կարևոր» է համարում իշխող ուժի կողմից փետրվարի 29-ին հայտարարված «ԼԳԲՏ քարոզչության» դեմ օրինագծի ընդունման ծրագիրը։ Ըստ նրա՝ իշխող կուսակցության որոշումը ծառայում է «ժողովրդին պաշտպանելու» նպատակին։
«Մեր ժողովրդի 90 տոկոսից ավելին այն կարծիքին է, որ անհրաժեշտ է պաշտպանել մեր երեխաներին, թոռներին և երիտասարդ սերնդին այս վնասակար, հակազգային, հակամարդկային քարոզչությունից»,- radiotavisupleba լրատվականի փոխանցմամբ՝ մարտի 2-ին հայտարարել է Ղարիբաշվիլին:
Իշխող կուսակցության նախագահը նշել է նաև, որ Ամերիկայում և Եվրոպայում «բաց քարոզչություն» է իրականացվում, «տրանսգենդերներին բերում են մանկապարտեզներ, ցույց տալիս երեխաներին» և «նրանց ասում են, որ, եթե քո սեռը չես սիրում՝ կարող եք փոխել այն»: Այս հայտարարությունից հետո լրագրողները հիշեցրել են Ղարիբաշվիլիին, որ իր երեխան ևս Ամերիկայում է սովորում, ինչին Ղարիբաշվիլին չի պատասխանել:
Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը «պահպանողական հասարակություն է՝ դարավոր մշակույթով և արժեքներով». «Մեր հասարակությունը, երեխաները և ընդհանուր առմամբ արժեքները պատշաճ պաշտպանության կարիք ունեն»։
«Ռուսական օրենք 2»
Փետրվարի 29-ին կայացած ճեպազրույցում իշխող կուսակցության գործադիր քարտուղար և խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն, վկայակոչելով աղբյուրներ և «միջազգային հետազոտություններ», հայտարարել էր, որ քարոզչության արդյունքում «ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների թիվը 18-25 տարեկանների սահմանում արդեն 20 տոկոսի է հասել, տեղ-տեղ՝ շատ ավելին»:
Ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու փորձագետները նշում են, որ «Վրացական երազանքի» ներկայացրած փաստարկները լիովին անհիմն են, և նոր օրենք ընդունելու կարիք չկա։ Իշխող կուսակցության նախաձեռնությունը հիմնականում կապված է ընտրական նպատակների հետ և մտավախություն կա, որ այն կսահմանափակի խոսքի և հավաքների ազատությունը։ Իշխող կուսակցությունը պնդում է, որ պահպանում է Սահմանադրությունը:
Ընդգծենք՝ Վրաստանի Սահմանադրության համաձայն, բոլոր մարդիկ հավասար են, և չի կարելի մարդուն հետապնդել նրա կարծիքի և արտահայտվելու պատճառով։
Հասարակության որոշակի հատված իշխող ուժի նոր նախաձեռնությունն արդեն անվանել է «Ռուսական օրենք 2»։ Քաղհասարակության ներկայացուցիչներից շատերը, սակայն, դիմել են անտեսելու մեթոդին և որևէ կերպ չեն անդրադառնում քննարկումներին: Մինչ այդ մարդիկ անցյալ տարվա գարնանը «ռուսական օրենք» էին անվանում կրկին իշխող ուժի կողմից աջակցության արժանացած «գործակալների մասին» օրենքը, որը հասարակության բողոքի ալիքի ֆոնին տապալվեց:
Ընդգծենք. 2013 թվականին Ռուսաստանում ընդունվել է անչափահասների շրջանում «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելելու մասին օրենքը։ Իսկ 2022 թվականին այն տարածվել է բոլոր տարիքային խմբերի վրա։ Մոսկվան մինչ օրս հերքում է, որ Ռուսաստանում ԼԳԲՏ համայնքը հետապնդվում է։ Փետրվարի 20-ին Պուտինը ասել էր, որ իրենք կարող են ապրել «ինչպես ուզում են», և «ոչ ոք ոչինչ չի սահմանափակում»։