2024 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը շարունակում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողների վերապատրաստման ծրագիրը:
Ըստ ՀՀ ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության՝ Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաստատած տարբերակված մեկամսյա հետևյալ 7 ծրագրերով.
- Ուսուցում մանկապարտեզում,
- Ուսուցում մեկօրյա դպրոցում,
- Տարրական ուսուցում,
- Հայոց լեզվի և գրականության դասավանդում,
- Հայոց պատմություն և մշակույթի պատմություն,
- Պարարվեստ,
- Տնօրենների վերապատրաստում:
Ծրագրերի նկարագրությունը կցված է հետևյալ հղմամբ: Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության վկայագրեր:
Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների կեցության, թանգարանային այցելությունների և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը, ներառյալ օդանավակայանից մինչև հյուրանոց, և Հայաստան մուտքի արտոնագրի (վիզա), բժշկական ճանապարհորդական ապահովագրության ծախսերը հոգում են մասնակիցները:
Վերապատրաստման սկիզբը համարվում է ծրագրի հյուրանոց մուտքի օրը՝ հուլիսի 1-ը: Ծրագրի ժամանակացույցը հետևյալն է.
- 1 հուլիսի՝ հյուրանոց մուտքի և տեղավորման օր,
- 2 հուլիսի` ծրագրի պաշտոնական բացում,
- 28 հուլիսի՝ ծրագրի պաշտոնական փակում և վկայականների հանձնում,
- 29 հուլիսի` հյուրատնից ելքի օր:
Ավելի վաղ ժամանելու կամ ուշ մեկնելու դեպքում՝ կեցության ծախսերը հոգում են մասնակիցները: Հյուրանոցի սենյակները նախատեսված են 2-3 հոգու համար:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 15-ը ներառյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել ուսուցչի լրացրած և կրթօջախի տնօրինության վավերացրած հայտը (հայտաձևը կցվում է):
Մասնակցության պաշտոնական հաստատումներն ուսուցիչները կստանան իրենց էլեկտրոնային հասցեով՝ հայտը ստանալուց մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում: Երկրից և աշխատավայրից բացակայությունը հիմնավորելու համար պաշտոնական հրավերի անհրաժեշտության դեպքում խնդրում ենք տեղեկացնել նախապես:
Վերապատրաստող կազմակերպության, հյուրանոցի և կեցության հետ կապված այլ տեղեկություններ, ինչպես նաև դասընթացների կազմակերպման և անցկացման այլ անհրաժեշտ մանրամասներ կփոխանցվեն մասնակցության հայտ ներկայացրած ուսուցիչներին:
Մասնակիցների համար նախատեսվում են նաև հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային ծրագիր:
Ավելին՝ այս հղմամբ: