Հողերի գրանցման համակարգված բարեփոխման շրջանակներում Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետում մեկնարկել է տների և տնամերձ հողատարածքների գրանցման գործընթացը:
Վրաստանի արդարադատության նախարարության հանրային ռեգիստրի ազգային գործակալության չափագրման աշխատանքներ իրականացնող աշխատակիցները «Ալիք Մեդիա»-ին հայտնեցին, որ այս պահին ընթանում է միայն տների և տնամերձ հողատարածքների գրանցման գործընթացը:
Նրանց հաղորդման համաձայն, մյուս տեսակի հողատարածքների գրանցումն այլ գործընթաց է ենթադրում, և սկսվելու է տների ու տնամերձ հողատարածքների գրանցման գործընթացի ավարտից հետո:
Նշված բարեփոխման շրջանակներում քաղաքացիներն անվճար կստանան հետևյալ ծառայությունները.
- հողամասերի կադաստրային հատակագծման/չափագրման աշխատանքներ,
- իրավունքը հաստատող փաստաթղթերի որոնում և համակարգում,
- գործարքի կողմերի ստորագրությունների ստուգում,
- նոտարական միջնորդություն,
- հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչում,
- փաստերի հաստատում,
- հողամասի գտնվելու վայրը, իրավունքը հաստատող փաստաթղթով նույնականացում,
- հողամասի սեփականության գրանցում և դրա հետ կապված փոփոխություններ:
Նշենք, որ հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը մինչև 2024 թվականի ավարտը համակարգված գրանցումներ կիրականացնի բոլոր մունիցիպալիտետների տարածքներում։
Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը 2022-2024 թվականներին հողամասերը չափագրելու է՝ դրանք գրանցելով որպես մասնավոր, պետական կամ համայնքային սեփականություն։