Այսօրվա դրությամբ Վրաստանի համապատասխանությունը ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականությանը ցածր է, թեև՝ աստիճանաբար ավելանում է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։
ԵՄ դիվանագետն ընդգծել է, որ ԵՄ քաղաքականությանը համապատասխանելը կարևոր է, և Բրյուսելը աշխատում է Թբիլիսիի հետ այդ ցուցանիշը բարձրացնելու ուղղությամբ։ Այս համապատասխանության ավելացումը մեկն է այն ինը առաջարկություններից, որոնք Վրաստանն ունի թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո:
«Մենք աշխատում ենք վրացական իշխանությունների հետ, որպեսզի աստիճանաբար բարձրացնենք մակարդակը, և երբ ժամանակը գա, և Վրաստանը միանա Եվրամիությանը, Թբիլիսիի և Բրյուսելի արտաքին քաղաքականությունը կլինի նույնը»,- ասել է դեսպանը։
Հարցին՝ ո՞րն է պահանջվող համապատասխանության նվազագույն մակարդակը, դեսպանն այսպես է պատասխանել. «Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ին միացող երկիրը կունենա նույն դիրքորոշումը, ինչ 27 անդամ երկրները։ Նպատակը 100 տոկոսն է, բայց մենք գիտենք, որ մեկ օրում չենք հասնի դրան՝ կա աշխարհաքաղաքական իրավիճակ, Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջան, բայց մենք ակնկալում ենք, որ մակարդակը աստիճանաբար կբարձրանա, և դա տեղի է ունենում վերջին ամիսներին»: