«Փոքր գյուղերում երիտասարդական կենտրոնները մեծ դեր ունեն»,- ասում են ջավախքցի երիտասարդները։ Այնուամենայնիվ, երիտասարդների առջեւ կանգնած են մարտահրավերներ:
Փարվանա. Երիտասարդական կենտրոն՝ «Աի Իա».
Նինոծմինդայից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող՝ Փարվանա գյուղում, մայր ու դուստր՝ Մանուշակ ու Շուշան Մկրտչյանները, որոշել են դրական փոփոխություններ իրականացնել գյուղում և հիմնադրել են երիտասարդական կենտրոն։ Հին, խարխուլ շենքը, որը նախկինում գրադարան է եղել, վերածել են «Աի Իա» կոչվող կենտրոնի։
«Մտահաղացումը ծագել է այն ժամանակ, երբ մայրս [Մանուշակը] երեխաներին վրացերեն էր սովորեցնում մեր տանը,- ասում է Շուշանը,- նա դպրոցում վրացերենի ուսուցչուհի է։ Օրեցօր ավելի ու ավելի շատ երեխաներ էին ցանկանում վրացերենի արտաժամյա ուսուցում, բայց մեր տանը այլեւս տեղ չկար։ Այսպիսով, մենք մտածեցինք, որ այս շենքը կարող էր օգտագործվել դասերի համար»:
Դրանից հետո շենքը վերականգնվեց, այն գրքերը, որոնք դեռ կարելի էր օգտագործել, թողնվեցին, շենք բերվեց՝ գույքը և ձեռագործ դեկորներ, ու հին երկու սենյականոց տնակը վերածվեց երիտասարդների համար հանդիպման վայրի։ Այժմ այստեղ անցկացվում են վրացերենի դասընթացներ, թրեյնինգներ, սեմինարներ։ Սակայն խնդիրների ստվերն այս պատերից այն կողմ չի անցնում։
Փարվանա գյուղը ձմռանը կտրված է քաղաքից, առատ ձյան տեղումները հաճախ ճանապարհը դարձնում են անանցանելի։ Բնական գազ չկա, իսկ փոքրիկ տնակը ջեռուցվում է միայն փոքրիկ վառարանով։
Կենտրոնը և նրա գործունեությունը չի ֆինանսավորվում որևէ դոնոր կազմակերպության կամ տեղական ինքնակառավարման կողմից։ Ամենինչ տեղում ապրող ակտիվ երիտասարդները սեփական ռեսուռսներով են անում․ անցկացնում են դասընթացներ, միջոցառումներ, մաքրման աշխատանքներ [երբ եղանակը թույլ է տալիս]։ Սակայն լավ եղանակը Փարավան գյուղում տեւում է ընդամենը 3-4 ամիս։
Վաչիան. «Ջավախք հաբ»
Սվետան իր ընկերների հետ Ախալքալաքի մունիցիպալիտետի Վաչիան գյուղում բացել է երիտասարդական կենտրոն՝ «Ջավախք հաբ»։ Awesome Foundation Javakhk հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ նրանք կահավորել են սենյակ, որտեղ անցկացնում են տարբեր միջոցառումներ՝ թվային գիտելիքների, վրացերենի և անգլերենի դասընթացներ, հանդիպումներ և թրեյնինգներ։
Գյուղի բնակիչներից մեկը երիտասարդներին տեղ է հատկացրել կենտրոնի համար, թեև ջեռուցման խնդիր այստեղ էլ կա։ Փոքր էլեկտրոնային վառարանը ջերմության միակ աղբյուրն է: Ինչպես ասում է Սվետան, կենտրոնը երիտասարդներին հնարավորություն է տվել ներկա գտնվել գյուղում անցկացվող հանդիպումներին ու դասընթացներին և չգնալ Ախալքալաք՝ հատկապես հաշվի առնելով տրանսպորտի խնդիրը։
Բացի այդ, ինչպես Սվետան է ասում, կենտրոնում ներկայումս կա ընդամենը մի սենյակ, որը հաճախ չի բավարարում, իսկ հանդիպումների ընթացքում, առաջանում է ժամանակի բաշխման խնդիր։
Երկու կենտրոնների ներկայացուցիչներն էլ հաստատում են, որ նման նախաձեռնությունները պահանջում են ավելի մեծ ուշադրություն ու ներդրումներ։ Այս վայրերը գյուղացիների համար դառնում են միակ հավաքատեղին, որտեղ նրանք կարող են ոչ միայն անցկացնել իրենց ազատ ժամանակը, այլեւ զարգանալ։
Երիտասարդական կենտրոնները գյուղերում — տեսանյութ
Մայր և դուստր Մկրտչյանները, չնայած ֆինանսական դժվարություններին, պաշտպանում են իրենց կենտրոնի բարեկեցությունը։ Սվետան և նրա ընկերները հույս ունեն ավելի մեծ աջակցություն ստանալու՝ «Ջավախք հաբը» էլ ավելի հասանելի և ֆունկցիոնալ դարձնելու համար։
Ներկայումս նման կենտրոններ կան Նինոծմինդայի մունիցիպալիտետի՝ Դիլիֆ, Փոկա, Փարվանա, Գորելովկա գյուղերում և Ախալքալաքի մունիցիպալիտետի՝ Վաչիան, Տուրցխ և Գուլիկամ գյուղերում։
Տեղական կազմակերպությունը՝ «Երիտասարդները հանուն ժողովրդավարական փոփոխությունների» մի քանի ամիս է, ինչ այցելում է շրջանի գյուղեր, մասնավորապես Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներ, որտեղ բացահայտում է տեղում առկա խնդիրները։
Այցելությունների ընթացքում պարզվել է, որ շատ գյուղերում Խորհրդային Միության ժամանակաշրջանի շենքերը, որոնք թատրոնի, կինոդահլիճի, գրադարանի դեր են կատարել, այժմ լքված կամ փակված են և չեն գործում։
Կազմակերպությունը կոչ է անում տեղական ինքնակառավարման մարմիններին գրադարանային տարածքներ կահավորել գյուղերի հին և ներկայումս լքված շենքերում, որոնք Խորհրդային Միության տարիներին տարբեր նպատակներ են ունեցել:
«Պետք է դասավորվեն սեղաններով, պահարաններով, աթոռներով, գրքերով, մի քանի համակարգիչներով, տպիչներով։ Հնարավոր է նաև պրոյեկտորի տեղադրում։
Նման տարածքը տեղի երիտասարդներին և ոչ միայն նրանց կտա լրացուցիչ հնարավորություններ խորացնելու իրենց գիտելիքները իրենց հետաքրքրող հարցերում, կազմակերպելու հանդիպումներ, դասընթացներ, քննարկումներ։ Գյուղերում նման տարածքները տարբեր ուղղություններով ինտելեկտուալ աշխատանքի նոր շարժառիթներ և հետաքրքրություններ են ծնելու։
Սա հնարավորություն կհանդիսանա դպրոցականների, դիմորդների, ուսուցիչների, բուհերի ուսանողների համար հիմք դնելու տարբեր նախաձեռնությունների, որոնք կծառայեն նրանց մասնագիտական և մշակութային զարգացմանն ու կրթությանը, ինչպես նաև կծառայեն որպես տարածք համայնքային գործունեության համար», — նշում են կազմակերպության ներկայացուցիչները։