Երեքշաբթի օրը՝ փետրվարի 20-ին, Բրյուսելում կայացած ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի 8-րդ նստաշրջանից հետո, փետրվարի 21-ին հրապարակվել է համապատասխան հայտարարությունը։
Խորհուրդը Վրաստանին կոչ է անում ավարտել ընտրական օրենսդրության բարեփոխումը մինչև 2024 թվականի ընտրությունները։
«Ասոցացման խորհուրդը նշել է ընտրական օրենսդրության բարելավման ուղղությամբ իրականացված բարեփոխումները և կոչ է արել Վրաստանին ավարտել ընտրական բարեփոխումները մինչև գալիք ընտրությունները՝ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին համապատասխան, ինչպես նաև ապահովել ընտրական ազատ, արդար և մրցակցային գործընթաց։ Եվրամիությունը ողջունել է Վրաստանի 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդների հրավերը»,- նշված է հաղորդագրությունում։
Հայտարարության մեջ Ասոցացման խորհուրդը նաև ընդգծում է, որ Վրաստանը պետք է ապահովի պետական կառույցների լիակատար անկախությունը, հաշվետվողականությունը և անկողմնակալությունը Վենետիկի հանձնաժողովի եվրոպական չափանիշներին և առաջարկություններին համապատասխան, հատկապես՝ դատարաններում, դատախազություններում, հակակոռուպցիոն և ֆինանսական հաստատություններում: ԵՄ-ն ընդգծել է խորհրդարանական վերահսկողության բարելավման անհրաժեշտությունը, հատկապես անվտանգության գործակալությունների նկատմամբ:
Ասոցացման խորհուրդը նաև նշել է՝ Վրաստանը պետք է էապես մեծացնի համապատասխանությունը ԵՄ ընդհանուր արտաքին ու անվտանգության քաղաքականությանը և սահմանափակող միջոցներին: ԵՄ-ն ողջունել է Վրաստանի ակտիվ ներգրավվածությունը և կառուցողական համագործակցությունը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների շրջանցումը կանխելու համար։
ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի նիստը նախագահել է Եվրոպական Միության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Վրաստանից մասնակցում էր վարչապետ Իրակլի Կոբախիձեն. նա այս կարգավիճակով առաջին անգամ է այցելել Բրյուսել։