Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության ղեկավարի պաշտոնում Բրյուսել կատարած իր առաջին այցի շրջանակում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Ստոլտենբերգը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին նշանակման կապակցությամբ և ասել, որ դաշինքը լիովին աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Ստոլտենբերգը խոսել է ուկրաինական պատերազմի մասին և նշել, որ այս շաբաթ լրանում է Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման 2 տարին, և մարտադաշտում վատթարագույն իրավիճակ է։ Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն կշարունակի լինել Ուկրաինայի կողքին և շնորհակալ է Վրաստանին՝ Ուկրաինային ֆինանսական ու հումանիտար օգնություն ցուցաբերելու համար։
Համատեղ մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Վրաստանի վարչապետի հետ զրուցել են Սև ծովի անվտանգության խնդիրների շուրջ։
«Ես գիտեմ, որ սա մեծ նշանակություն ունի Վրաստանի համար։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը զգալի վտանգ է ներկայացնում նավագնացության համար, ինչպես նաև ազդում է համաշխարհային պարենային անվտանգության վրա։ Ուստի ես ողջունում եմ Սև ծովը բացելու դաշնակիցների ջանքերը՝ նավագնացության և առևտրի համար ավելի անվտանգ դարձնելու նպատակով »,- ասել է Ստոլտենբերգը՝ հավելելով, որ հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության և դրա զարգացման հարցեր, ներառյալ ճգնաժամային կառավարման, կիբերանվտանգության, ռազմատեխնիկայի և անվտանգ հաղորդակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
Ստոլտենբերգի խոսքով, այժմ Վրաստանի համար կարևոր է շարունակել և արագացնել ներքին բարեփոխումները և աջակցել ժողովրդավարական արժեքներին. «Մեր ցանկությունն է, որ Վրաստանը գնա ճիշտ ուղղությամբ։ Դեպի ավելի շատ ժողովրդավարություն և բարգավաճում` հանուն եվրատլանտյան ընտանիքին լիարժեք անդամակցության: ՆԱՏՕ-ն կշարունակի ձեր կողքին լինել այս նկրտումների իրականացման գործընթացում»:
Ստոլտենբերգը շնորհավորել է Կոբախիձեին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ։
Իր հերթին, Վրաստանի վարչապետ Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դաշինքի կենտրոնակայանում նրան հյուրընկալելու համար և նշել, որ իր «առաջին այցը Բրյուսել՝ որպես Վրաստանի նոր վարչապետ, հստակ հաստատում է, որ այդ ուղղությունը մեզ համար շատ կարևոր է»։
Կոբախիձեի խոսքով, Վրաստանի տարածքների 20 տոկոսը օկուպացված է, և այդ դժվարին պահին դաշնակիցները և միջազգային հանրությունը պետք է շարունակեն ցուցաբերել աննախադեպ միասնություն և ամուր հավատարմություն։
«ՆԱՏՕ-ն կարևոր դեր խաղաց Վրաստանի պաշտպանունակության ամրապնդման, դաշինքի հետ մեր համատեղելիության մեծացման գործում։ Մենք չենք զիջել նաև Հյուսիսատլանտյան դաշինքի արժեքները ընդունելու, համապարփակ բարեփոխումների օրակարգ իրականացնելու և մեր ինտեգրման գործընթացն առաջ մղելու ջանքերը՝ անկախ ներքին և արտաքին անվտանգության մարտահրավերներից։ Ներկայումս մեզ բարդ ժամանակաշրջան է սպասվում եվրոպական անվտանգության համատեքստում։ Կանոնների վրա հիմնված միջազգային կարգը բախվում է զգալի մարտահրավերների։ Ամբողջական, ազատ և խաղաղ Եվրոպայի սկզբունքը վտանգված է, Վրաստանի տարածքների 20 տոկոսը օկուպացված է»,- ասել է Կոբախիձեն:
Նրա խոսքով, այս դժվարին պահին դաշնակիցները և միջազգային հանրությունը պետք է շարունակեն ցուցաբերել աննախադեպ միասնություն և հաստատակամ հավատարմություն կանոնների վրա հիմնված աշխարհակարգին և միջազգային իրավունքի սկզբունքներին. «Եվս մեկ անգամ թույլ տվեք կրկնել մեր հաստատակամությունը ՆԱՏՕ-Վրաստան գործընկերությանը և իմ երախտագիտությունը հայտնել ձեր աջակցության համար»:
Երեքշաբթի՝ փետրվարի 20-ին, Վրաստանի կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Կոբախիձեի գլխավորությամբ, մասնակցել է Վրաստան-ԵՄ Ասոցացման խորհրդի 8-րդ նիստին, որը տեղի է ունեցել Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդում։
Հանդիպումից հետո վարչապետ Կոբախիձեն, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Բրյուսել կատարած այցի ընթացքում Կոբախիձեն հանդիպել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։