Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը և այդ ճանապարհին վրացական բարեփոխումների օրակարգն է եղել փետրվարի 20-ին Բրյուսելում կայացած Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման օրակարգում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում և աշխարհում առկա անվտանգության միջավայրը և մարտահրավերները: Կոբախիձեն և Միշելը քննարկել են առկա մարտահրավերները լուծելու ուղիները։
Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ հանդիպմանը Կոբախիձեն նշել է, որ վարչապետ նշանակվելուց հետո իր առաջին այցը Բրյուսել Վրաստանի կառավարության՝ Եվրամիությանն անդամակցության առաջնահերթության ցուցադրումն է։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Միշելին աջակցության համար և նշել, որ Վրաստանը բարձր է գնահատում Եվրոպական խորհրդի նախագահի անձնական ներգրավվածությունն ու աջակցությունը Եվրամիությանն անդամակցելու գործընթացում։ Իր հերթին Միշելը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։
«Եվրոպական խորհրդի նախագահի հետ հանդիպմանը կառավարության ղեկավարը խոսել է եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի ձեռք բերած առաջընթացի մասին և այս համատեքստում ընդգծել թեկնածուի կարգավիճակի շնորհման պատմական նշանակությունը։ Կոբախիձեն ընդգծել է, որ թեկնածուի կարգավիճակի շնորհումն աննախադեպ խթան է ստեղծել երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին, և Վրաստանի կառավարությունը շարունակում է ակտիվորեն աշխատել հետագա առաջընթացի հասնելու համար։
Կոբախիձեն ընդգծել է ԵՄ կառույցների հետագա աջակցության կարևորությունը և հույս հայտնել, որ ԵՄ աջակցությունն անսասան կլինի անդամակցության հաջորդ փուլերում։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանը շարունակում է սերտ համագործակցությունը ԵՄ կառույցների և ԵՄ անդամ երկրների հետ բարեփոխումների գործընթացն առաջ մղելու համար։ Կոբախիձեն նշել է, որ Եվրահանձնաժողովի ընդլայնման զեկույցի հրապարակումից հետո Վրաստանը մշակել է կոնկրետ գործողությունների ծրագիր զեկույցում նշված առաջարկությունների իրականացման համար, որն ակտիվորեն իրականացվում է»,- նշված է կառավարության հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը քննարկվել է նաև Վրաստանի քաղաքական իրավիճակը։ Վարչապետի խոսքով, Վրաստանի կառավարությունն արդեն հրավեր է ուղարկել ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությանը, և կառավարությունը կապահովի ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։
Կողմերը քննարկել են Վրաստանի օկուպացված տարածքներում առկա իրավիճակը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած ամուր աջակցության համար և նշել ռուս-վրացական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Եվրամիության առավել ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը։