Ռուսաստանն իր քաղաքացիներին զգուշացրել է՝ Աբխազիա (2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանից չի վերահսկվում- հեղ.) մեկնելը վտանգավոր է:
Radiotavisupleba լրատվականի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) հանձնարարականն այս հայտարարությունը հիմնավորում է ռուս զբոսաշրջիկի բռնաբարության համար դատապարտված անձի ազատ արձակմամբ։ Երիտասարդ ռուս կնոջը բռնաբարելու և կողոպտելու համար դատապարտված Էդգար Աբուխբան ազատության մեջ է, ինչն էլ անհանգստացնում է Մոսկվային։
«Ակնհայտ է, որ սա անվտանգության ռիսկեր է ստեղծում մեծ թվով օտարերկրյա այցելուների համար, որոնք ամեն տարի այցելում են Աբխազիայի հանգստավայրեր։ Մենք ստիպված ենք սրա մասին զգուշացնել մեր հայրենակիցներին»,- փետրվարի 16-ին գրել է Ռուսաստանի ԱԳՆ-ն Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ «չափազանց զարմանալի» էր ստանալ 2019 թվականին կատարված «ամենածանր հանցագործության» համար դատապարտված անձի՝ Աբուխբայի պատիժը մեղմացնելու և ազատ արձակելու մասին լուրը: Հայտարարության տեքստում այս փաստը Մոսկվան որակել է որպես ընդհանուր անկարգություն։
«Մեր կարծիքով, այս ռեզոնանսային դեպքը ցույց է տալիս Աբխազիայի արդարադատության համակարգի բավականին մեղմ վերաբերմունքը հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների և հանցագործների համար նախատեսված պատժամիջոցների նկատմամբ»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 31-ին 17-ամյա Էդգար Աբուխբան խաբեությամբ ռուս զբոսաշրջիկին տարել էր լքված շենք, որտեղ բռնաբարել էր նրան, քարկոծել և թալանել։ Հանցագործը տուժողից խլել էր 2 հեռախոս, աքսեսուարներ, գումար և 70 հազար 100 ռուբլի (մոտ 2000 լարի) արժողությամբ զարդեր։