Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի հայաբնակ Դամիա գյուղում «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում կհամալրվի տեղի խաղահրապարակը: Այս մասին որոշվել է այսօր՝ փետրվարի 16-ին, ծրագրի շրջանակներում հանդիպման արդյունքում։
Հանդիպումը անցկացվել է Դամիայի հանրակրթական դպրոցի շրջակայքում։ Դամիային կենտրոնական բյուջեից հատկացվել է 12 հազար լարի, որն էլ կուղղվի խաղահրապարակում տարբեր սարքավորումների և լուսավորության ավելացմանը, ինչպես նաև խաղահրապարակում ռետինե ծածկի անցկացմանը:
Ուշագրավ է, որ բացի վերոնշյալ աշխատանքներից, Դամիայի բնակիչները առաջնահերթություն են տվել մինի ստադիոնի կառուցմանը և Դամիայում առկա մշակույթի տան հարևանությամբ գտնվող ժամանցի սենյակի վերականգնմանը:
Մառնեուլիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների և տնտեսական զարգացման ծառայության պետ Բեքա Աբդելանին խոստացավ, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կներկայացնի մինի ստադիոնի կառուցման նախագիծը և մինչև աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունը այն կառուցված կլինի: Խոստացավ նաև՝ առաջիկայում ծրագիր ներկայացնել Դամիայի մշակույթի տանը հարևանությամբ գտնվող սենյակի կապիտալ վերանորոգման համար:
Ի դեպ, Մառնեուլիում հանդիպումները մեկնարկել են փետրվարի 12-ին։ Առաջնահերթություններն ընտրելու նպատակով հանդիպումներ բնակչության հետ կանցկացվեն մինչև փետրվարի 26-ը։ «Աջակցություն գյուղին» ծրագրի համար 2024 թվականին կենտրոնական բյուջեից հատկացվել է 1 մլն 232 հազար լարի: Գումարը բաշխվել է գյուղերին՝ ըստ բնակչության թվի։ Յուրաքանչյուր գյուղի համար նվազագույն գումարը 10 հազար լարի է, իսկ առավելագույնը՝ 20 հազար: