Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր անձնական խնայողություններից 48 հազար լարի է օգտագործել 2023 թվականին եվրոպական երկրներ իր այցելությունների ծախսերը հոգալու համար։ Այս տվյալներն արտացոլվել են 2024 թվականի հունվարի 29-ին լրացրած գույքի թարմացված հայտարարագրում։
Վրաստանի նախագահի աշխատավարձը 2023 թվականին կազմել է 84 հազար 221 լարի, որից 55 հազար 275 լարին ծախսվել է բարեգործության վրա։ Հունվարի 29-ի դրությամբ նրա բանկային հաշիվներում եղել են 27 հազար եվրո և 29 հազար դոլար։
Ի դեպ, 2023-ին, երբ Վրաստանը սպասում էր ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակին, կառավարությունը հրաժարվեց նախագահի պաշտոնական այցերից ԵՄ երկրներ։ 2023 թվականի օգոստոսի 30-ին հրապարակված հայտարարության մեջ կառավարությունը բացատրել է, որ երկրի Սահմանադրության համաձայն՝ «արտաքին քաղաքականության իրականացումը Վրաստանի կառավարության լիազորությունն է», և «Վրաստանի նախագահն արտաքին հարաբերություններում ներկայացուցչական լիազորություններն իրականացնում է միայն Վրաստանի կառավարության համաձայնությամբ»։
Այնուհետ Զուրաբիշվիլին ասել էր, որ չի օգտագործի բյուջետային միջոցները և սեփական միջոցներով կմեկնի այլ երկրների ղեկավարների հետ հանդիպելու: Վրաստանի նախագահը հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
2023 թվականին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախագահ Զուրաբիշվիլիի պաշտոնազրկման ընթացակարգ էր սկսել։ Սահմանադրական դատարանը համարել է, որ նախագահը խախտել է Աահմանադրությունը՝ այցելելով արտերկիր, քանի որ դրա համար չի ունեցել կառավարության համաձայնությունը։ Վրաստանի այժմյան վարչապետ Իրակլի Կոբախիձեն այն ժամանակ հայտարարել էր, որ Զուրաբիշվիլին այլևս արժանի չէ նախագահի պաշտոնին։ Նախագահի իմպիչմենտը, սակայն, ձախողվեց. խորհրդարանական մեծամասնությունը չկարողացավ հավաքել անհրաժեշտ թվով ձայներ (100 ձայն)։
Ուշագրավ է, որ փետրվարի 16-18-ը Մյունխենում կանցկացվի Անվտանգության ամենամյա համաժողով։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել և մտադիր է մասնակցել։ Վրաստանի կառավարության վարչակազմից Radiotavisupleba լրատվականին հայտնել են, որ Մյունխենի համաժողովին մասնակցելու նպատակով նախագահը չի դիմել կառավարությանը` հավանություն ստանալու համար: