Վրաստանի բուհերում որոշ մասնագիտությունների գծով առցանց (օնլայն, էլեկտրոնային ուսուցում) ուսուցումը հնարավոր կդառնա: Այս հեռանկարի մասին նշված է 2024 թվականի խորհրդարանի գարնանային նստաշրջանի համար Վրաստանի կառավարության օրինաստեղծ գործունեության կարճաժամկետ ծրագրում։
Bpn.ge լրատվականի փոխանցմամբ՝ նախատեսվում է փոփոխություններ կատարել «Բարձրագույն կրթության մասին» Վրաստանի օրենքում։
Օրենսդրական փոփոխությունները կներառեն.
- Մասնագիտական ծրագրերի հեռակա կարգով իրականացման հնարավորության մասին որոշում,
- Էլեկտրոնային ուսուցման հայեցակարգի ճշգրտում և նորովի ձևավորում,
- Էլեկտրոնային ուսուցումը մասամբ կթույլատրվի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ոլորտներում,
- Մագիստրատուրայում հնարավոր կլինի սովորել ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով, եթե ծրագիրը վերահավատարմագրվի:
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարը կսահմանի ուսման այն ոլորտների ցանկը, որտեղ հնարավոր կլինի մասնակի կամ ամբողջությամբ օգտագործել էլեկտրոնային ուսուցման բաղադրիչը։
Ի դեպ, Վրաստանի բուհերում, հավանաբար, բակալավրիատում ուսումը 3 տարի կդառնա: