Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վարչակազմից լրատվամիջոցներին հայտնել են, որ նախագահը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Շնորհավորական նամակ է ուղարկվել. Վրաստանի նախագահը Ադրբեջանի նախագահը շնորհավորել է նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,- հայտնել են վարչակազմից և հավելել, որ Զուրաբիշվիլին նամակը հղել է փետրվարի 9-ին:
Ի դեպ, Վրաստանի նորընտիր վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ այսօր կայացած կառավարության առաջին նիստի ավարտից հետո ճեպազրույցում փոխվարչապետներ Թեա Ծուլուկիանին և Իրակլի Չիքովանին քննադատել են Վրաստանի նախագահին՝ Իլհամ Ալիևին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ չշնորհավորելու համար։
Ծուլուկիանին նախագահի արարքը գնահատել է որպես «քաղաքական խիզախություն» և նշել, որ նա շարունակում է կատարել, այսպես կոչված՝ շեֆերից ստացած խնդիրները:
«Վրաստանի նախագահի լռությունը մինչ այս պահը, որը ենթադրում է ձեռնպահ մնալ պարոն Ալիևին հաղթանակի կապակցությամբ շնորհավորելուց, կարծում եմ՝ վնասակար է մեր պետությանը։
Մենք բոլորս ուզում ենք հիշեցնել մեր նախագահին, որ սա մի տարածաշրջան է, որտեղ վերջին տարիներին մեծացել են աշխարհաքաղաքական և անվտանգության ռիսկերը։ Վրաստանի կառավարությունը ներկայումս հոգում է այդ ռիսկերի ապահովագրման ուղղությամբ, և այս ֆոնին նախագահը, որը գլխավոր հրամանատարն է, ձեռնպահ է մնում մեր հարևան-գործընկեր պետության ղեկավարին նոր ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորելուց»,- ասել է փոխվարչապետ Ծուլուկիանին:
Փոխվարչապետ Չիքովանին նախագահի քայլն անվանել է «անխոհեմ» որոշում և հավելել, որ դա կարող է լինել «որոշ սխեմայի մաս». «Ակնհայտ է, որ մենք ռազմավարական գործընկերություն և համագործակցություն ունենք Ադրբեջանի հետ, մենք հատուկ հարաբերություններ ունենք Ադրբեջանի ղեկավարի հետ։ Վրաստանի բացարձակապես բոլոր ղեկավարներն առանձնահատուկ հարաբերություններ են ունեցել, ինչը նպաստել է հաջող նախագծերի իրականացմանը։ Մյուս կողմից, ընդհանուր առմամբ, ուղղակի դիվանագիտական էթիկետի խնդիր է, որ նախագահի շնորհավորանքը պետք է վաղուց հայտարարվեր…»:
Վարչապետի պաշտոնում նշանակումից հետո Կոբախիձեն և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Վրաստանի կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ Ալիևը շնորհավորել է Կոբախիձեին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։ Իր հերթին Կոբախիձեն շնորհավորել է Ալիևին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Հավելենք, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունների նախնական, պաշտոնական արդյունքների համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալիևը ստացել է ձայների 92,05 տոկոսը։ Փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցել է ևս 6 թեկնածու։ Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդական ճակատը» չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները։ Ադրբեջանը նախագահ պետք է ընտրեր 2025 թվականին, սակայն 2023 թվականի դեկտեմբերին Ալիևն առանց պատճառաբանելու՝ որոշեց արտահերթ ընտրություններ անցկացնել 2024 թվականի փետրվարի 7-ին: