«Պետությունը գիտեր, որ Ներգեեթիում կյանքը վտանգավոր է», այս վերնագրով հոդված է հրապարակել radiotavisupleba.ge լրատվականը:
Հրապարակման մեջ նշվում է. «Մարդկանց ողջ-ողջ թաղել են: Շովիից հետո այս արտահայտությունը հնչում է նաև Բաղդաթիի մունիցիպալիտետում… Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը Բաղդաթիի գյուղերում սողանքների վտանգի մասին գիտեր դեռ 2022 թվականին»:
Տեղացիների մի մասն ասել է, որ զարմացած է կատարվածից, մյուս մասն ասել է, որ սողանքի վախից հարևաններից մեկն անգամ երկրաբանների է բերել գյուղ։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության երկրաբանության վարչությունն իր տեղեկագրում գրել է, որ մինչև 2023 թվականը Բաղդաթիի գյուղերում սողանքներ են սպասվում։ Պոտենցիալ աղետի գոտի ճանաչված գյուղերի թվում է նաև Ներգեեթի գյուղը։
2023 թվականի փաստաթուղթը ներառում է Վրաստանում բնական երկրաբանական գործընթացների արդյունքները և 2023 թվականի կանխատեսումները։ Փաստաթղթում նշվում է, որ սողանքային գործընթացների ակտիվացում է սպասվում Իմերեթիի շրջանի յոթ գյուղերում՝ Օբչա, Դիմի, Ծիլեթխևի, Փերսաթի, Ներգեեթի, Շուբանի և Զեգանի։
Նույն փաստաթղթում գրված է, որ կառուցվող Բաղդաթի-Զեկարի ավտոճանապարհի հովիտներում, Խանիսծկղալի գետում և նրա վտակներում սպասվում են ապարների էրոզիա և ափերի լվացման գործընթացների ձևավորում ու ակտիվացում։ Ներգեեթիում սողանքն ընկել է հենց Խանիսծկղալի գետի ափին գտնվող տների վրա։
Ուշագրավ է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Վրաստանում բնական աղետն ավարտվում է զոհերով։ 2023 թվականի օգոստոսին Վրաստանը ցնցվեց Ռաճայիի ողբերգությունից, որի ժամանակ սողանքը խլեց 33 մարդու կյանք, հողին հավասարցրեց հայտնի Շովի հանգստավայրը և բազմաթիվ հարցեր առաջացրեց։
Փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերը Վրաստանի Իմերեթիի շրջանի Բաղդաթիի մունիցիպալիտետի Ներգեեթի գյուղում սողանք է տեղի ունեցել, որն ավերել է 4 տուն։ Փրկարարները սողանքի տակից դուրս են բերել 9 մարդու մարմին:
Ավելին՝ սկզբնաղբյուր նյութում: