Վրաստանի Իմերեթիի շրջանի Բաղդաթի մունիցիպալիտետի Ներգեեթի գյուղում սողանքի հետևանքով բոլոր 9 զոհերի մարմինները հայտնաբերվել են, radiotavisupleba.ge լրատվականին հայտնել են Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման (ԱԻԿ) ծառայությունից:
Վերջին ժամերին փրկարարները փնտրում էին մեկ անհետ կորածի։ Ներքին գործերի նախարարության տվյալներով, աղետի էպիկենտրոնում համապատասխան տեխնիկայով և անօդաչու սարքերով շարունակական որոնողական աշխատանքներ էին իրականացնում ԱԻԿ ծառայության 200-ից ավելի փրկարարներ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է կինոլոգների խումբը։ Փրկարարական աշխատանքները ղեկավարել են ներքին գործերի փոխնախարար Իոսեբ Ճելիձեն և ԱԻԿ ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին։
Հիշեցնենք, փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերը Իմերեթիի շրջանի Բաղդաթի մունիցիպալիտետի Ներգեեթի գյուղում սողանք է տեղի ունեցել. հողի տակ է հայտնվել 4 տուն: Սողանքի պատճառն առատ տեղումներն են։