«Իմ կյանքի լավագույն տարիներն անցկացրել եմ ցույցերում: Հաջողացնում էինք այնպես անել, որ ոչ ոքի, ոչինչ չվնասեինք»,- այսպես է արձագանքում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Բաթումիում տեղի ունեցած իրադարձություններին:
Ըստ նախագահի՝ երկրում պաշտպանված է քաղաքական ինքնորոշման մշակույթը և մտքի արտահայտման ազատությունը, սակայն բոլորը պետք է իմանան, որ կառավարությունը կունենա խիստ և հստակ դիրքորոշում յուրաքանչյուր տեսակի բռնության նկատմամբ:
«Ես քննիչ չեմ և բնական է՝ տեղի ունեցածի վերաբերյալ հստակ դիրքորոշում չեմ կարող հայտնել, բայց ուզում եմ ասել, որ Վրաստանում ոչ ոք իրավունք չունի բռնությամբ, վանդալիզմով խոսել իր համաքաղաքացու և պետության հետ: Մարդիկ, ովքեր մասնակցել են այս գործընթացին, առանց բացառության բոլորը պետք է հայտնաբերվեն, ձերբակալվեն և համապատասխան պատիժ կրեն։ Այսպիսի իրավիճակ, երբ ցույցը միանգամից վերաճում է վանդալիզմի և մեքենաների այրման, վրացական քաղաքական մշակույթ չէ: Իմ կյանքի լավագույն տարիներն անցկացրել եմ ցույցերում: Հաջողացնում էինք այնպես անել, որ ոչ ոքի, ոչինչ չվնասեինք: Երկրում պաշտպանված է քաղաքական ինքնորոշման մշակույթը և մտքի արտահայտման ազատությունը, սակայն, իմացե՜ք, կառավարությունը կունենա խիստ և հստակ դիրքորոշում յուրաքանչյուր տեսակի բռնության նկատմամբ»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
Նշենք, որ Վրաստանի ծովափնյա Բաթումի քաղաքում մարտի 11-ի երեկոյան բողոքի ցույցեր են սկսվել, որոնք վերաճել են քաղաքացիների եւ ոստիկանության ուժերի միջեւ բախումների: Բաթումիի ոստիկանության գլխավոր վարչության հարակից տարածքում մարտի 11-ի լույս 12-ի գիշերը շարունակվել է բողոքի ակցիան: Ցուցարարները փորձել են մուտք գործել ոստիկանության վարչության տարածք, քարեր նետել շենքի ուղղությամբ, շրջել ոստիկանական մեքենաներ: Ի պատասխան՝ իրավապահներն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներով զենք են կիրառել: