Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա «Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը հայության կրթական կյանքում» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին:
Տեղեկությունը տարածում է ՀՊՄՀ-ն: Գիտաժողովի նպատակն է անդրադառնալ Ներսիսյան դպրոցի, հայության կրթամշակութային կյանքի, հայ-վրացական հարաբերությունների պատմությանը։
Ըստ տեղեկության՝ գիտաժողովի թեմատիկ հիմնական ուղղություններն են․
- Ներսիսյան դպրոցի պատմության դրվագներ,
- Ներսիսյան դպրոցի հայտնի շրջանավարտներ,
- Ներսիսյան դպրոցի դերը հայության կրթական կյանքում,
- Կրթամշակութային կյանքը Կովկասում 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդում,
- Հայ-վրացական կրթամշակութային առնչությունները,
- Ռուսաստանի կրթամշակութային քաղաքականության առանձնահատկությունները տարածաշրջանում 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդում։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Գիտաժողովին ներկայացված նյութերը պետք է նախկինում հրապարակված չլինեն։ Զեկուցումների համար նախատեսվում է մինչև 20 րոպե:
«Զեկուցված նյութերը գրախոսումից և հրատարակության երաշխավորումից հետո տպագրվելու են առանձին ժողովածուով։
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը հայտ (հայտի ձևը կցվում է) ներկայացնել գիտաժողովի կազմկոմիտե՝ հետևյալ հասցեով` nersisyanconf2024@gmail.com:
Հայտատուները մինչև 2024 թվականի հուլիսի 15-ը կտեղեկացվեն գիտաժողովին իրենց մասնակցության մասին: Գիտաժողովին մասնակցելու վերջնական հրավեր ստացած հայտատուները պետք է մինչև 2024 թվականի օգոստոսի 20-ը կազմկոմիտեին ուղարկեն իրենց զեկույցները՝ նախապես տրված ձևաչափին համապատասխան»,- նշված է հաղորդագրության մեջ: