Թբիլիսիի Սամեբայի տաճարում (Սուրբ Երրորդության)՝ Սուրբ Մատրոնայի սրբապատկերի վրա ներկ լցնելու համար 5-օրյա վարչական կալանքի դատապարտված ակտիվիստ Նատա Փերաձեն ազատ է արձակվել։ Հիշեցնենք, հիշյալ նկարի վրա պատկերված էր նաև խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինը:
Թբիլիսիի Դիղոմիի ոստիկանական բաժնի դիմաց նրան դիմավորել են ընկերները: Ի դեպ, Փերաձեն 5-օրյա ազատազրկման է դատապարտել փետրվարի 2-ին: Դատավորը բավարարել է ներքին գործերի նախարարության խնդրանքը, որը վարույթ էր սկսել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166 հոդվածով (մանր խուլիգանություն)։
Սոցցանցերում հունվարի 7-ին պատկերակի մասին ֆոտո և վիդեո նյութեր էին տարածվել. սարկավագ Իլիա Ճիղլաձեն գրել էր, որ Սամեբայի (Սուրբ Երրորդության) տաճարում պատկերված Սուրբ Մատրոնայի սրբապատկերում նաև Իոսիֆ Ստալինն է պատկերված:
Հունվարի 9-ին Փերաձեն սոցցանցում տեսանյութ է տարածել, որում երևում է, որ Իոսիֆ Ստալինին պատկերող սրբապատկերին ներկ է լցված: ՆԳՆ-ն հետաքննություն էր սկսել ներկ լցնելու փաստի առթիվ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ հոդվածով` մանր խուլիգանություն։
Հունվարի 10-ին ռուսամետ և բռնի գործողություններով հայտնի «Ալտ-Ինֆո»-ի անդամները հավաքվել էին քաղաքացիական ակտիվիստ Նատա Փերաձեի տան դիմաց: «Ալտ-Ինֆո»-ի անդամները բողոքում էին Սամեբայի (Սուրբ Երրորդության) տաճարում Սուրբ Մատրոնայի սրբապատկերի վրա ներկ լցնելու դեմ, որտեղ պատկերված է նաև խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինը։
Վրաստանում քաղաքացիները ստորագրահավաք սկսեցին և պահանջում էին հեռացնել խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի պատկերը։
Վրաց պատրիարքարանը հունվարի 11-ին հայտարարեց, որ նախատեսում է «փոփոխություններ կատարել» Սամեբայում Ստալինին պատկերող սրբապատկերում. «Կդիմենք նվիրատուներին, որպեսզի իրենք համապատասխան փոփոխություններ կատարեն սրբապատկերում կամ մենք կանենք դա»:
Ի դեպ, հունվարի 17-ին հայտնի դարձավ, որ սրբապատկերը հեռացվել է տաճարից: