Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախկին նախագահ, վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեի կինը՝ Նատալիա Մոծոնելիձեն, պետական գործակալություն է ղեկավարում (Հանրային և մասնավոր համագործակցության գործակալություն), որը հաշվետու է Վրաստանի վարչապետին, փոխանցում է radiotavisupleba.ge լրատվականը:
Ընդգծենք՝ Կոբախիձեն Վրաստանի վարչապետի թեկնածու է. խորհրդարանում ընթանում է նրա կաբինետի հաստատման գործընթացը։
Ապագա վարչապետի տիկնոջ աշխատավայրի մասին տեղեկությունը կարելի է ճշտել ոչ միայն Հանրային և մասնավոր համագործակցության գործակալության կայքում, այլև՝ նրանց հրապարակած հայտարարագրերում։
Կառավարությունն այդ գործակալությունը ստեղծել է 2018 թվականի սեպտեմբերի 5-ին։ Այդ ժամանակ երկրի վարչապետն էր Մամուկա Բախտաձեն։ Գործակալությունն իր ստեղծման օրվանից ուղղակիորեն ենթարկվում է վարչապետին. հենց նա է նշանակում և ազատում գործակալության նախագահներին։
Նատալիա Մոծոնելիձեն 2019 թվականի հունիսից գործակալությունում աշխատել է որպես փոխնախագահ, իսկ նոյեմբերին դարձել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Այդ ժամանակ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր այժմյան ընդդիմադիր Գիորգի Գախարիան: Նրան փոխարինելուց հետո՝ արդեն նախկին վարչապետ և այժմ իշխող կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի վարչապետության օրոք, Նատալիա Մոծոնելիձեն նշանակվել է գործակալության ղեկավար:
Կոբախիձեն վերջին հայտարարագիրը լրացրել է 2024 թվականի հունվարի 31-ին։ Ըստ հայտարարագրի՝ ինքը և իր կինը Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի գործընկերներ են. Կոբախիձեն պրոֆեսոր է, իսկ կինը՝ դոցենտ։ Նույն փաստաթղթի համաձայն, Մոծոնելիձեն Կոբախիձեից ավելի շատ եկամուտ ունի։
Ի դեպ, փետրվարի 1-ին «Վրացական երազանք»-ը Վրաստանի վարչապետի թեկնածու է առաջադրել Կոբախիձեին։ Նրա գլխավորած նախարարների կաբինետի օգտին խորհրդարանը կքվեարկի փետրվարի 8-ին։