Թբիլիսիի քաղաքային դատարանը հոմոֆոբ, բռնի գործողություններով հայտնի, ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ի անդամ Լաշա Շարուխիային, որ Մցխեթայի վարչական շենքից իջեցրել և այրել էր ԵՄ դրոշը, 2000 լարի գրավի դիմաց ազատ է արձակել:
«Ալտ-Ինֆո»-ի առաջնորդները և այլ քաղաքացիներ Շարուխիայի ազատ արձակումը դատարանի դահլիճում ողջունել են ծափահարություններով։ Բռնություններով հայտնի խմբի աջակիցները հավաքվել են դատարանի շենքի մոտ՝ ի պաշտպանություն մեղադրյալի։
Շարուխիան մեղադրվում է ուրիշի գույքը վնասելու մեջ (Քրեական օրենսգրքի 187-րդ հոդված), որը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-ից 6 տարի ժամկետով։
Շարուխիան ձերբակալվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին` այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ ստացավ: Շարուխիայի ձերբակալությանը հաջորդել է ուլտրաաջ «Ալտ-Ինֆո»-ի կողմնակիցների համերաշխության ցույցը, որի շրջանակներում քաղաքացիներն այրել են ԵՄ դրոշները։ Ակցիային մասնակցել են հոգևորականներ, այդ թվում՝ սարկավագ Սպիրիդոն Ցքիփուրիշվիլին:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Վրաստանում քաղաքացիները հանրային կառույցներից իջեցնում և այրում են ԵՄ դրոշը։ 2023 թվականի մարտին «Ալտ-ինֆո»-ի ներկայացուցիչ Զուրա Մախարաձեն և նրա չորս համախոհները տուգանվել են 1000-ական լարիով՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ Եվրամիության դրոշն իջեցնելու և այրելու համար, սակայն այդ գործով քրեական հետապնդում չի հարուցվել։