Թբիլիսիի Դիդուբե թաղամասի Ծերեթելիի պողոտայի երթևեկելի մասի վերականգնման աշխատանքն ավարտվել է։ Այսօրվանից՝ փետրվարի 1-ից, տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ մնացած աշխատանքները կավարտվեն մարտին։
«Չեմ ուզում, որ հասարակությունը թյուրիմացաբար մտածի, որ նախագիծն ամբողջությամբ ավարտված է. խոսքն այստեղ ճանապարհահատվածի մասին էր, ընթանում են նաև մայթերի կառուցում, կանաչապատման աշխատանքներ։ Ինչ վերաբերում է արտաքին լուսավորության սյուներին, դրանք տեղադրված են պողոտայի մի կողմում, մյուս կողմում նշված աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասել է Կալաձեն:
Պողոտայի վերականգնումն սկսվել է 2023 թվականի ապրիլին։ Քաղաքապետարանի խոստման համաձայն, ամբողջական վերականգնումը պետք է ավարտվեր մինչև 2024 թվականի հունվարի վերջը, թեև հետագայում շեշտը դրվեց միայն մայրուղու հատվածի վրա։
Ծերեթելիի պողոտայի ընդհանուր երկարությունը 3,5 կիլոմետր է։ Միայն ճանապարհի հատվածի վերանորոգումն արժեցել է 31 մլն լարի։ Երկու շաբաթ առաջ՝ հունվարի 15-ին, Կալաձեն անսպասելի խզել է պայմանագրերը Ծերեթելիի պողոտայում վերականգնողական աշխատանքներ իրականացնող երկու կապալառուների հետ` հիմք ընդունելով քաղաքապետարանի լաբորատորիայի հաշվետվությունը։ Պողոտայի ամբողջական բարեկարգման շրջանակում, ճանապարհն ասֆալտապատելուց բացի, պետք է տնկվեն ծառեր, կառուցվեն մայթեր, անցումներ, փոխվեն լուսավորության համակարգերը։