Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին իրավապահ մարմիններին շնորհակալություն է հայտնել Բաթումում կարգահապություն հաստատելու և իրադարձությունների հետագա զարգացումներից զերծ մնալու համար:
Հիշեցնենք, որ մարտի 11-ի երեկոյան Աջարիայի ինքնավար հանրապետության մայրաքաղաք Բաթումում բողոքի ցույցեր էին սկսվել, որոնք քաղաքացիների եւ ոստիկանության ուժերի միջեւ բախումների պատճառ էին դարձել։
Interpressnews պարբերականը, հղում կատարելով կառավարության աշխատակազմին, տեղեկացնում է, որ երեկ՝ մարտի 12-ին, Աջարիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած հանդիպմանը վարչապետը ևս մեկ անգամ նշել է, որ օրինազանցներին և պետական շահերն անտեսողներին կառավարությունը համարժեք պատասխան կտա։
«Շնորհակալություն եմ հայտնում հերոսության և համբերատարության համար: Իրավապահ մարմինները կիրառում են այնքան ուժ, որքան հարկավոր է կայունություն պահպանելու և մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար: Ուզում եմ իմանաք, որ ես յուրաքանչյուրիդ կողքին եմ: Ուզում եմ իմանաք և հպարտանաք, որ երեկ գիշերն իսկապես շատ վտանգավոր սահման ենք հատել, բայց մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ մեր խնդիրն իրականացրել ենք այնպես և կիրառել ենք այնքան ուժ, որքան հարկավոր էր մեր երկրում կայուն իրավիճակը պահպանելու համար: Ցանկանում եմ համբերության և հերոսության համար շնորհակալություն հայտնել և հաջողություններ մաղթել։ Նաև շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին»,- ասել է Կվիրիկաշվիլին իրավապահ մարմիններին:
Վարչապետի հետ Աջարիայում էին գտնվում նաև փոխվարչապետ Կախա Կալաձեն, ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին, ենթակառուցվածքների և ռեգիոնալ զարգացման նախարար Զուրաբ Ալավաձեն, խորհրդարանական մեծամասնության ղեկավար Արչիլ Թալկվաձեն: