Արդեն երկրորդ օրն է՝ Վրաստանը, փաստացի, վարչապետ չունի: Վրաստանի խորհրդարանը մի քանի օր ունի նոր վարչապետ ընտրելու համար։ Հետհաշվարկը սկսվել է ճիշտ այն պահից, երբ Իրակլի Ղարիբաշվիլին հրապարակավ հայտարարեց իր հրաժարականի մասին։
Վրաստանի վարչապետը հրաժարականի դիմում գրելու պարտավորվածություն չունի. հունվարի 29-ի ժամը 17:00-ից, երբ Ղարիբաշվիլին ճեպազրույց անցկացրեց՝ հայտարարելով հրաժարականի մասին, այդ պահից սկսած նրա լիազորությունները դադարեցվել են: Սակայն, ըստ ցանկության՝ նա կարող էր հրաժարականի դիմում ներկայացնել Վրաստանի նախագահին կամ խորհրդարանին։
Հիմա ով է վարչապետը
Ղարիբաշվիլիի հրաժարականից հետո ցանկացած փոխվարչապետ կարող է կատարել վարչապետի պարտականությունները։ Այսօր այս պաշտոնը զբաղեցնում են մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանին և էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։ Կառավարությունից, սակայն, պաշտոնապես չեն հայտարարել, թե՝ ով է կատարում վարչապետի պարտականությունները:
Վարչապետի հրաժարականից հետո բոլոր նախարարները համարվում են պաշտոնանկ: Նրանք այժմ աշխատում են՝ որպես նախարարների պաշտոնակատարներ:
Ով կարող է նոր վարչապետի թեկնածու առաջադրել
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ թեկնածու կարող է առաջադրել միայն իշխող «Վրացական երազանքը», քանի որ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ստացել է ամենաշատ ձայները։
Դեկտեմբերի 30-ին, երբ կուսկակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին երրորդ անգամ վերադարձավ քաղաքականություն, փոփոխություններ կատարվեցին «Վրացական երազանք» կուսակցության կանոնադրության մեջ։ Նա ընտրվել է պատվավոր նախագահի պաշտոնում և հենց նրան է տրվել թեկնածու առաջադրելու իրավունքը։
Այն բանից հետո, երբ Իվանիշվիլին առաջադրի վարչապետի թեկնածուին, իսկ քաղխորհուրդը կհաստատի նրան, առաջարկը կուղարկվի խորհրդարան։ «Վրացական երազանք»-ը մինչև փետրվարի 7-ը ժամանակ ունի:
Խորհրդարանը վարչապետի հրաժարականից ուղիղ 2 շաբաթ ժամանակ ունի կառավարության նոր ղեկավար ընտրելու համար։ Կառավարության ծրագիրը նախ քննարկվում է հանձնաժողովների ու խմբակցությունների կողմից, ապա եզրակացությամբ ուղարկվում բյուրո։
Հենց բյուրոն է որոշում խորհրդարանում վարչապետի և նախարարների կաբինետի հաստատման համար կայանալիք նստաշրջանի օրը։ Կառավարությունը հաստատելու համար անհրաժեշտ է պատգամավորների մեծամասնության (76 ձայն) աջակցությունը, որը «Վրացական երազանքն» ունի: Անգամ, եթե կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն լինի վարչապետի թեկնածու, իշխող կուսակցության ձայները կբավարարեն:
Իշխող ուժը կկարողանա հաստատել նախարարների կաբինետը նույնիսկ առանց ընդդիմության օգնության։ Խորհրդարանական մեծամասնությունն այսօրվա դրությամբ ունի 84 մանդատ։
Ֆորմալ առումով անհրաժեշտ է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ստորագրությունը։ Նա դրա համար երկու օր ունի։
«Եթե Վրաստանի նախագահը նշված ժամկետում չնշանակի վարչապետին, վարչապետն ինքնաբերաբար կհամարվի նշանակված»,- գրված է Սահմանադրության մեջ։
Այս փուլում՝ որպես վարչապետի թեկնածու, նշվում է միայն Իրակլի Կոբախիձեի անունը։
Այս թեմայով ավելին՝ ստորև հոդվածում.