Վրաստանյան շուրջ 10 հասարակական կազմակերպությունները (ՀԿ) Եվրահանձնաժողովի 9 վերապահումների կատարման հետ կապված երեկ խորհրդարանում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման վերաբերյալ հայտարարություն են տարածել։ Հայտարարության տեքստը տարածել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA):
Ըստ ՀԿ-ների՝ խորհրդարանը պարտավոր է քաղաքացիական հատվածին հնարավորություն տալ ներգրավվելու Վրաստանի եվրաինտեգրման գործընթացում։ Նրանց խոսքով, խորհրդարանի նախագահը չի բավարարել աշխատանքային խմբում ընդգրկվելու կազմակերպությունների գրավոր դիմումը։
«Հունվարի 29-ին, Եվրահանձնաժողովի 9 վերապահումների կատարման հետ կապված, Վրաստանի խորհրդարանը աշխատանքային հանդիպում է անցկացրել ընդդիմադիր կուսակցությունների և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի ներկայացուցիչների հետ։
Ստորագրող կազմակերպություններս հարթակի անդամ չենք, սակայն տարիներ շարունակ աշխատել ենք ԵՄ 9 վերապահումներով ընդգրկված հարցերի վրա։ Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Վրաստանի խորհրդարանում աշխատանքային հանդիպում է նախատեսված, քաղաքացիական կազմակերպություններից մի քանիսը նամակով դիմել են խորհրդարանի նախագահին և խնդրել ներգրավվել աշխատանքային գործընթացում։ Ժողովրդավարության և օրենքի գերակայության թեմայով աշխատող կազմակերպությունների ստորագրած հայտարարության մեջ խորհրդարանին կոչ ենք արել ընդլայնել քաղաքացիական սեկտորի հետ համագործակցության ձևաչափը և ապահովել աշխատանքային լայն ձևաչափի անցկացումը և շահագրգիռ կազմակերպությունների ընդգրկումն այդ գործընթացում»,- նշել են ՀԿ-ները:
ՀԿ-ների կարծիքով, հաշվի առնելով Եվրահանձնաժողովի 9-րդ վերապահումը, խորհրդարանը պարտավոր է ապահովել իրական աշխատանքային գործընթաց, ընդլայնել քաղաքացիական հատվածի հետ համագործակցության ձևաչափը և բոլոր շահագրգիռ կազմակերպություններին հնարավորություն տալ ներգրավվելու Վրաստանի եվրոպական ինտեգրացիոն գործընթացին:
Ի դեպ, երեկ՝ հունվարի 29-ին, Վրաստանի խորհրդարանում Եվրամիության առաջարկությունների իրականացման աշխատանքային խմբի նիստ է անցկացվել, որին որոշ ՀԿ-ներ հրավիրված չեն եղել: Մինչ այս պահը հանդիպման մասին որևէ տեղեկություն չի տարածվել: