Վրաստանի հանրային պաշտպանը հաստատել է, որ իշխանամետ POSTV հեռուստաընկերության (ՀԸ) ղեկավար Շալվա Ռամիշվիլին սեռական ոտնձգության է ենթարկել հարցազրույցի ժամանած Անանիա Գաչեչիլաձեի նկատմամբ: Որոշումը Գաչեչիլաձեին է փոխանցվել հունվարի 29-ին։
«Հանդիպման ընթացքում, հարցազրույցի հետ կապված մանրամասների փոխարեն, Շալվա Ռամիշվիլին Անանիա Գաչեչիլաձեին անձնական բնույթի հարցեր է տվել, նրա արտաքինը գնահատել է բացասական կամ սեռական համատեքստում, եղել է նաև անցանկալի սեռական բնույթի ֆիզիկական շփում», – նշված է եզրակացության մեջ։
Օմբուդսմենի գրասենյակը պարզաբանում է, որ գործը կարևոր և նախադեպային է, քանի որ հանրային պաշտպանն առաջին անգամ սեքսիզմը բնորոշել է որպես ատելության խոսքի արգելման ձևերից մեկը։ Վրաստանի հանրային պաշտպանը Ռամիշվիլիին խորհուրդ է տվել «հետագայում մասնագիտական և այլ հարաբերություններում չզբաղվել սեռական ոտնձգությամբ և չստեղծել վիրավորական, նվաստացնող և/կամ անհարիր միջավայր, ինչպես նաև հրահանգել է 20-օրյա ժամկետում տեղեկացնել առաջարկությունը կատարելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին»։
Փաստաթղթում նշվում է նաև, որ հանրային պաշտպանը հիմնվել է դիմումատուի ներկայացրած ապացույցների վրա, քանի որ Ռամիշվիլին չի համագործակցել գրասենյակի հետ։
Ի դեպ, 2023-ին «Ֆորմուլա» ՀԸ-ի «Շաբաթիս ֆորմուլա» հաղորդաշարը աուդիոձայնագրություն էր հրապարակել, ըստ որի` տեսանելի է, թե ինչպես է Ռամիշվիլին սեռական ոտնձգություն կատարում Անանիա Գաչեչիլաձեի նկատմամբ։ Հեռուստաընկերության տվյալներով՝ աուդիոձայնագրությունը 2018 թվականին է արվել POSTV-ի գրասենյակում՝ Ռամիշվիլիի առանձնասենյակում, որտեղ Գաչեչիլաձեն կանչվել է հաղորդում պատրաստելու։ Ձայնագրությունը տևում է 2 ժամ, սակայն «դժվար լսելի դրվագների» պատճառով «Ֆորմուլա»-ն նշել է, որ ամբողջությամբ չի բացահայտի, թեև պատրաստակամություն է հայտնել ձայնագրությունը հանձնել իրավապահ մարմիններին։
Նույն տարվա ընթացքում չորս կին հրապարակավ հայտարարել են, որ տարբեր ժամանակներում եղել են իշխանական POSTV-ի հիմնադիր և «Ժողովրդի ուժը» շարժման ջատագով Շալվա Ռամիշվիլիի սեռական բռնության թիրախ։
Առաջին պատմությունը հրապարակել է լրագրող Մակո Ջաբուան: Դրանից հետո Գվանցա Բուդաղաշվիլին և Անանո Իաշվիլին նույնպես հրապարակային հայտարարություններ են արել։ Ընդգծենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռամիշվիլին մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ: 2018 թվականին հաստատվել է Թաթիա Սամխարաձեի հանդեպ սեքսուալ ոտնձգության փաստը, և Թբիլիսիի քաղաքային դատարանը Ռամիշվիլիին պարտավորեցրել է վճարել 2 հազար լարի տուգանք։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել քաղաքային դատարանի որոշումը։