Աբխազիայում անցկացված ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն մարտի 13-ին: Մասամբ ճանաչված պետության 35 պատգամավորական տեղի համար 137 թեկնածու էր պայքարում: Ընտրություններն անցել են առանց լուրջ միջադեպերի: Դրանց ընթացքին հետևել են մի քանի տասնյակ դիտորդներ` Հարավային Օսիայից, Ռուսաստանի դաշնությունից, Արցախից:
Մինչ կհրապարակվեն նախնական արդյունքները, պաշտոնական Թբիլիսին հայտարարություններ է արել: Նախագահ Գիորգրի Մարգվելաշվիլին ասել է.
«Ստեղծված իրավիճակում, երբ Աբխազիայի բնակչության մեծ մասը փախստական է և բռնի տեղահանված, որոնց մինչ օրս չի թույլատրվում վերադառնալ սեփական տարածքներ, երբ օկուպացված տարածքում վերահսկող ուժն օտար պետություն է` Ռուսաստանի դաշնությունը, հնարավոր չէ խոսել բնակչության ազատ կամարտահայտման մասին: Կոչ եմ անում միջազգային հանրությանը, թույլ չտալ լեգիտիմացնել օկուպացիոն ռեժիմը: Շարունակում ենք կոչ անել Ռուսաստանին` իրականացնել 2008 թվականի օգոստոսի 12-ի համաձայնագրով նախատեսված պարտավորությունները և հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:
Աբխազիայի ընտրությունների վերաբերյալ մեկնաբանություն է արել նաև Արտգործնախարարությունը` դրանք անվանելով Վրաստանի դեմ ռուսական ագրեսիայի լեգիտիմացման հերթական փորձ: «Կոչ ենք անում միջազգային հանրությանը ըստ արժանվույն գնահատել Աբխազիայի այսպես կոչված խորհրդարական ընտրությունները, քանի որ օկուպացված տարածքներում անցկացված ցանկացած ընտրություն կամ հանրաքվե ապօրինի է և չի կարող բերել իրավական ոչ մի արդյունքի»: