Երևանը Թբիլիսիի հետ հարաբերությունները կարևորում է ոչ միայն երկկողմ, այլ նաև տարածաշրջանային համատեքստում: Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Ըստ ՀՀ ԱԳ նախարարի՝ պատահական չէ, որ հենց Վրաստանում՝ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում է Հայաստանի վարչապետն առաջին անգամ միջազգային հանրությանը ներկայացրել է Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
«Վրաստանի հետ մեր հարաբերությունները կարևորում ենք ոչ միայն երկկողմ, այլ նաև տարածաշրջանային համատեքստում՝ այն համարելով տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման ապահովման առանցքային բաղադրիչներից մեկը։ Մեր այս մտադրությունն արտացոլված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ՝ նպատակ ունենալով այդ թվում մեր վրաց գործընկերների հետ համատեղ Հարավային Կովկասը վերածել բոլոր տեսակի ենթակառուցվածքների խաչման տարածաշրջանի՝ առանցքում ունենալով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, փոխադարձության և հավասարության սկզբունքները»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Միրզոյանը հավելել է նաև, որ Վրաստանի հետ հարաբերություններում կարևոր դեր ունի ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում համագործակցությունը. Հարավային Կովկասում ժողովրդավարական արժեքների տարածումը, այդ թվում՝ ԵՄ հետ սերտ փոխգործակցության միջոցով, իր նպաստը կբերի տարածաշրջանում տևական և ամուր խաղաղության հաստատման գործընթացին։
ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն, հունվարի 26-ին Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակներում Միրզոյանը և Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վճարովի գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը։
Թբիլիսիում անցկացված «Մետաքսի ճանապարհի ֆորում»-ի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին: Ըստ Փաշինյանի՝ այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ` էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով:
Հունվարի 26-27-ին Թբիլիսիում անցկացվել է Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը, որի շրջանակներում ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր Վրաստան:
Վրաստանը Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել։ Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է մեկ միլիարդ դոլարի: