Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին հնարավորություն չի տրվել հանդիպել աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Զուրաբիշվիլին:
«Վրաստանի նախագահը ողջունում է Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը երկիր, սակայն ցավալի է, որ նախագահին հնարավորություն չի տրվում հանդիպել և պատշաճ կերպով հյուրընկալել բարեկամ երկրների ղեկավարներին՝ Վրաստան այցի շրջանակներում։
Ցավալի է նաև, որ համապատասխան գերատեսչությունները նախագահին չեն տեղեկացնում երկրում նախատեսված բարձրաստիճան այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին»,- նշել է նախագահը:
Հարկ է նշել, որ Փաշինյանը Թբիլիսիում է Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի շրջանակներում, ինչը ենթադրում է կառավարությունների և դրանց անդամների հանդիպում:
Ընդգծենք նաև, որ նախորդ տարիներին Փաշինյանը Զուրաբիշվիլիին հանդիպել է աշխատանքային այցի շրջանակներում. նրանք վերջին անգամ հանդիպել են 2021 թվականի սեպտեմբերին: