Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 26-ին, աշխատանքային այցով ժամանում է Վրաստան։ Վրաստանի կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետին կհյուրընկալի Վրաստանի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլին։
Այցի շրջանակում նախատեսվում է Իրակլի Ղարիբաշվիլիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ առ դեմ հանդիպումը, որից հետո տեղի կունենա Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը` վարչապետների գլխավորությամբ:
Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ Վրաստան է այցելել նախորդ տարվա հոկտեմբերի վերջին։ Վերջինս մասնակցել է Մետաքսի ճանապարհի ֆորումին, որտեղ ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության նոր նախաձեռնություն՝ «Խաղաղության խաչմերուկ»։
Երևանը Թբիլիսիին առաջարկում է միանալ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Թբիլիսիում անցկացված «Մետաքսի ճանապարհի ֆորում»-ի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին: Ըստ Փաշինյանի՝ այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ` էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով:
Նշենք նաև, որ հետագայում հարցին անդրադարձել էր նաև ՀՀ-ում Վրաստանի դեսպանությունը:
«Մենք ճանաչում ենք Կովկասի ռազմավարական նշանակությունը որպես հաղորդակցությունների համար կենսական կարևորություն ունեցող տարածաշրջան և դրա աճող կարևորությունը կապի ապահովման գործում: Վրաստանը պատրաստ է համագործակցել հարևան երկրների հետ՝ տարածաշրջանային հաղորդակցությունների դիվերսիֆիկացման և ամրապնդման մեր ընդհանուր նպատակին հասնելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը, տնտեսական աճին և կապերի ընդլայնմանը»,- նշել են դեսպանությունից։