Վրացական սփյուռքի ղեկավարը մտադիր է Ղարիբաշվիլիին Ռուսաստան հրավիրել

Ռուսաստանում վրացական սփյուռքի ղեկավար Դավիթ Ցեցխլաձեն պատրաստվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին Ռուսաստան հրավիրել։ Այս մտադրության մասին Ցեցխլաձեն հայտարարել է Dalma News-ին տված հարցազրույցում։

Ըստ նրա՝ «ինչ-ինչ ուժեր որոշակի դրդապատճառներով Թբիլիսիում արգելափակում են Ռուսաստանին առնչվող թեմաները»:

«Օրինակ՝ մեր մեծ ցանկությունն է, որ Վրաստանի կառավարության, վարչապետի կամ նախագահի ներկայացուցիչները մասնակցեն վրացական սփյուռքի խոշոր իրադարձություններին։ Սփյուռքի օրը Ռուսաստանի տարբեր քաղաքներից գալիս են վրացական սփյուռքի ներկայացուցիչներ։ Մենք ոչ մի վատ բան չենք տեսնում դրանում, որ Վրաստանի կառավարության ներկայացուցիչները գան նման շքեղ հանդիպման և հանդիպեն իրենց հայրենակիցների հետ։ Այս տարի մենք հրավեր կուղարկենք, օրինակ՝ Վրաստանի վարչապետին, և հուսով ենք, որ մեր խնդրանքը չի անտեսվի»,- ասել է Ցեցխլաձեն:

Նա նաև հույս է հայտնել, որ 2024 թվականին էթնիկ վրացիների համար Վրաստանի քաղաքացիություն ստանալը լիովին կպարզեցվի. «Սա լուրջ խնդիր և ցավ է էթնիկ վրացիների համար ինչպես Ռուսաստանում, այնպես էլ` այլ երկրներում»:

Ըստ Ցեցխլաձեի՝ «Վրաստանի կառավարությունը հիստերիկ քաղաքականությամբ չի զբաղվում»։ Նա նաև դրական է գնահատել Վրաստան-Չինաստան հարաբերությունները։

Ի դեպ, Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ ստեղծված ռուս-վրացական գործարար խորհրդի վերջին հանդիպումներն անցկացվել են Հյուսիսային Օսիայում և Ինգուշեթիայում։ Հանդիպումների ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայով տարանցիկ ճանապարհի բացման և Ինգուշեթիայով երկաթուղու անցկացման նախաձեռնությունները։