«Վրաստանը հետևում է Պուտինի օրինակին», այս վերնագրով հոդված է հրապարակել ամերիկյան Politico-ն, որտեղ ամփոփված է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի զեկույցը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Պուտինի պատերազմն Ուկրաինայի հետ՝ բաժանում է Եվրոպայի արևելյան հարևանությունը, որոշ երկրներ մոտենում են ԵՄ-ին, իսկ մյուսները, այդ թվում՝ Վրաստանը, դեմ չեն ռուսական ավտորիտարիզմի ճանապարհով գնալուն։
Զեկույցի համաձայն, Վրաստանի ցուցանիշը նվազել է գրեթե բոլոր թեմատիկ ոլորտներում՝ ներառյալ ժողովրդավարական իրավունքները, ընտրությունները և քաղաքական բազմակարծությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև պետական հաշվետվողականությունը, անկախ լրատվամիջոցները և դատական համակարգը:
«Մինչ Վրաստանը կամաց-կամաց դուրս է գալիս, Ուկրաինան և Մոլդովան անշեղորեն կատարում են համակարգային այնպիսի փոփոխություններ, որոնք Բրյուսելն ակնկալում է նրանցից՝ շարունակելու նպատակով անդամակցության ճանապարհը», — ասվում է փաստաթղթում։
Զեկույցում նշվում է, որ Վրաստանը զգալիորեն զիջել է դիրքերը ժողովրդավարության և լավ կառավարման առումով։ Նշվում է նաև, որ Վրաստանում քաղաքական բևեռացումը և ժողովրդավարության ու բազմակարծության միջազգային փորձից ակնհայտ շեղումը մտահոգության տեղիք են տալիս, հետևաբար՝ Վրաստանի ինդեքսային միավորն ամենամեծ անկումն է ապրել Արևելյան գործընկերության 6 երկրների շարքում։
Ըստ զեկույցի՝ թեև Վրաստանն այժմ Եվրամիության թեկնածու երկիր է, նրա դատական համակարգը խիստ քաղաքականացված է, թույլ է պայքարն օլիգարխիկ իշխանության դեմ, և կարծես թե չի ցանկանում իրականացնել Եվրամիության պահանջած համակարգային բարեփոխումները: Ասվում է նաև, որ երկիրը սահմանափակ առաջընթաց է գրանցել ԵՄ առաջնահերթությունների իրականացման հարցում։
Զեկույցում անդրադարձ կա նաև Վրաստանում «օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու փորձին և դրա հետ կապված բողոքի ակցիաների ժամանակ իրավապահ մարմինների կողմից ուժի չափազանցված կիրառմանը։ Զեկույցում կարդում ենք, որ այն ժամանակ, երբ երկրին թեկնածուի կարգավիճակ տրվեց՝ չնայած օտարերկրյա գործակալների մասին օրենքը հաստատելու փորձերին, Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքների վերականգնմանը, իշխանության ներկայացուցիչների հակաարևմտյան հռետորաբանությանը և անկմանը, ժողովրդավարությունը, Վրաստանի ժողովրդավարական ապագան, նաև եվրոպական նկրտումները վտանգված են:
Ի դեպ, Արևելյան գործընկերության (EaP) 2023 թվականի ինդեքսի վեց երկրների շարքում Վրաստանը զբաղեցնում է երրորդ տեղը, առաջին տեղը զբաղեցնում է Մոլդովան, երկրորդը՝ Ուկրաինան: Չորրորդ, հինգերորդ և վեցերորդ տեղերում միմյանց հաջորդում են Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը։