Վիրահայոց թեմը 2024 թվականի հունվարի 26-ի ժամը 15:00-ին հրավիրում է մասնակցելու սիրո բարեխոս Սուրբ Սարգսի նախատոնակին նվիրված ուխտագնացությանը դեպի Խարփուխի Սուրբ Սարգիս մատուռ:
Վիրահայոց թեմի մամլո դիվանի փոխանցմամբ՝ ուխտավորների թափորը սկիզբ կառնի Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Սուրբ Էջմիածին եկեղեցու բակից, այնուհետև կշարժվի դեպի Սուրբ Սարգիս հինավուրց մատուռ: Մոմավառությունից և աղոթքից հետո ուխտավորների թափորը կառաջնորդվի դեպի Մեյդանի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: Ժամը 17:00-ին Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կկատարվեն Սուրբ Սարգսի նախատոնակ, երիտասարդների օրհնության կարգ և աղի բլիթների բաժանում:
«Հաջորդ օրը՝ հունվարի 27-ին, ժամը 11:00-ին, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կմատուցվի Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների հիշատակին նվիրված տոնական Սուրբ և Անմահ Պատարագ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ի դեպ, Սուրբ Սարգսի տոնն ուղեկցվում է ոչ միայն եկեղեցական ծեսերով, այլ նաև ժողովրդական ավանդույթներով: Ավանդույթի համաձայն, այդ օրը երազում ապագա կնոջը կամ ամուսնուն տեսնելու համար անհրաժեշտ է ընդամենը ծարավ մնալ ողջ օրը, իսկ երեկոյան համտեսել աղի բլիթը՝ ինչքան աղի, այդքան ավելի լավ, այդքան ավելի մեծ է երազում մի բաժակ ջուր ստանալու հավանականությունը: Աղի բլիթը, ըստ ժողովրդական ավանդության՝ թխում է ամուսնացած, երջանիկ կինը: Պատրաստման եղանակը՝ խառնել ալյուրը, ջուրն ու աղը, հունցել, բլիթի տեսք տալ ու թխել:
Ըստ եկեղեցական ավանդության՝ արագահաս սուրբն իրականացնում է երազանքները․ ինչին հավատում ես ու շատ ցանկանում՝ դա էլ իրականանում է: Տոնի հետ կապված ավանդույթներում իր ուրույն տեղն ունի նաև փոխինձը: Տանտիկինները տեղադրում են փոխինձով լի ափսեն պատշգամբում կամ դռան շեմին՝ հուսալով, որ գիշերը Սուրբ Սարգիսն իր ձիով կայցելի ու ձիու պայտի հետքը կթողնի փոխինձի վրա:
Սուրբ Սարգիսը Կապադովկիայից է, 4-րդ դարի սուրբ է: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու երիտասարդների հովանավոր սուրբն է։