Վրաստանի հանրային պաշտպանը կրթության և գիտության (ԿԳ) նախարարությանը կոչ է անում ոչ վրացալեզու (էթնիկ փոքրամասնությունների լեզվով դասավանդվող դպրոցներ) դպրոցների/սեկտորների ուսուցիչների մասնագիտական զարգացման համար հնարավորություններ ստեղծել։ Այս հայտարարությունը օմբուդսմենի գրասենյակը տարածել է ուսուցիչների դիմումից հետո։
Օմբուդսմենը ԿԳՆ-ին կոչ է արել վերացնել հայտնաբերված խնդիրները և խուսափել ոչ վրացալեզու դպրոցների/սեկտորների ուսուցիչների կարիերայի աճի ուղղությամբ խտրականությունից։
«Հանրային պաշտպանի գրասենյակ են դիմել ոչ վրացալեզու դպրոցների//սեկտորների 461 ուսուցիչներ` նշելով, որ կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները չեն կարող համարժեք արձագանքել էթնիկ փոքրամասնությունների առջև ծառացած մի շարք համակարգային մարտահրավերների։ Հատկապես ակտուալ է պրակտիկոս ուսուցիչների կողմից ավագ, առաջատար և մենթոր ուսուցչի կարգավիճակ ստանալու դժվարությունը, ինչը կհանգեցնի նրանց պրակտիկոս ուսուցիչների կատեգորիայից դուրս մնալուն և ուսուցչի կարգավիճակից զրկելուն»,- նշված է օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Հանրային պաշտպանը կարծում է, որ ազգային փոքրամասնությունների կրթական քաղաքականության միասնականության և հետևողականության համար անհրաժեշտ է, որ պետությունը քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ: Օմբուդսմենը ԿԳՆ-ին կոչ է անում.
- հատուկ կարիքները բացահայտել և դրանց ի պատասխան՝ դիտարկել մասնագիտական զարգացման սխեման և համապատասխան գերատեսչությունների հետ համակարգված համագործակցությամբ պլանավորել այնպիսի միջոցառումներ, որոնք ժամանակին և արդյունավետ հնարավորություններ կստեղծեն ոչ վրացալեզու դպրոցների/սեկտորների ուսուցիչների կարգավիճակը փոխելու համար,
- պետական լեզվի ուսուցման ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ընդլայնել ծրագրի իրականացման աշխարհագրական տարածքն էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված բոլոր տարածքային միավորներում և ներմուծել դասավանդման բաղադրիչներ՝ հարմարեցված էթնիկ փոքրամասնությունները ներկայացնող ավագ սերնդի կարիքներին։
Ի դեպ, ոչ վրացալեզու դպրոցների պրակտիկոս ուսուցիչներին հնարավորություն է տրվել մնալ համակարգում մինչև 2026 թվականը: Մինչ այդ, այս կարգավիճակով ուսուցիչները պետք է հանձնեն առարկայական քննությունն առնվազն 1 կրեդիտ միավորով (համապատասխան առարկայի 30 տոկոսից ավելին), ունենան վրաց լեզվի իմացության «Բ1» մակարդակը հաստատող սերտիֆիկատ, որից հետո գրանցվեն 48-ժամյա վերապատրաստման դասընթացին, որը բարեհաջող ավարտելուց հետո ստանան ավագ ուսուցչի կարգավիճակ, հակառակ դեպքում դպրոցի տնօրինությունը կարող է տվյալ ուսուցչի հետ պայմանագիր չկնքել և դասաժամերը թափուր հայտարարել: