Տոնական տրամադրություն, երաժշտական համարներ, մրցույթային խաղեր և Ձմեռ պապ ու Ձյունանուշ. Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնն ամանորյա երաժշտական ներկայացմամբ այսօր՝ հունվարի 18-ին, Մառնեուլիի շրջանի հայաբնակ Դամիա գյուղում էր:
Թատրոնի դերասանական անձնակազմը երեխաներին ուրախացրեց ամանորյա երգերով, հետաքրքիր ու ժամանցային խաղերով, վերջում՝ նվերներ հանձնեց դպրոցականներին և մանկապարտեզի սաներին:
Թատրոնի ղեկավար Արմեն Բայանդուրյանն «Ալիք Մեդիա»-ին ասաց` հայկական թատրոնը մոտ 10 տարի է, որ կազմակերպում է նմանատիպ հյուրախաղեր դեպի Քվեմո Քարթլիի հայաբնակ գյուղեր. շնորհավորում ենք երեխաներին, և սա կարծես ավանդույթ է դարձել:
«Մենք հաճախակի ենք գալիս հյուրախաղերի, որովհետև թատրոնը պետք է սերտորեն կապված լինի հայկական գյուղերի և հայկական շրջանների հետ, քանի որ՝ բոլոր դեպքերում մեր հանդիսատեսն են… Ինչքան սերտորեն կապված լինենք միմյանց, այդքան լավ թե՛ մեզ համար, թե՛ Վրաստանի համար»,- ասաց Բայանդուրյանը՝ նշելով, որ այս հյուրախաղերը ֆինանսավորում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
Դամիայի հանրակրթական դպրոցի տնօրեն Սիլվա Ամիրյանն ընդգծեց՝ նման միջոցառումներն ուրախացնում են երեխաներին, կապում թատրոնին, ինչը ողջունելի է: Տնօրենը շնորհակալություն հայտնեց դերասանական անձնակազմին և Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը:
Դամիայի հանրակրթական դպրոցի «Կենսաբանություն» առարկայից ավագ ուսուցչուհի Լուսինե Դարբինյանը, որ նույնպես ներկա էր միջոցառմանը, նկատեց՝ թատրոնի այցը շատ կարևոր է գյուղի բնակչության, հատկապես՝ երեխաների համար, քանի որ կենտրոնից հեռու լինելով՝ կտրված են մշակութային կյանքից:
«Այսպիսի միջոցառումները նպաստում են, որ մի քայլ մոտ լինեն և ծանոթանան մեծ մշակույթին, հասկանան՝ ինչ է թատրոնը, գուցե ապագայում իրենցից որևէ մեկն էլ փորձի դառնալ թատրոնի մի մասը»,- ասաց Դարբինյանը:
Ի դեպ, մինչ Դամիա այցելելը՝ Թբիլիսիի հայկական թատրոնն այսօր եղել է Խոժոռնի գյուղում: Նախատեսում են այցելել նաև Չանախչի, Միրզոևկա և այլ գյուղեր: