Վրաստանի Քութայիսի քաղաքի դատարանը 5 հազար լարիի չափով գրավ է նշանակել Տկղիբուլիի քաղաքապետարանի պետական գնումների բաժնի ղեկավար Ջոնի Քասրաշվիլիին, որին դատախազությունը մեղադրում է ընտանեկան բռնության համար։
Դատախազ Մարիամ Մելաձեի հաստատմամբ` անսթափ վիճակում գտնվող մեղադրյալը երկու օր առաջ անչափահաս երեխաների ներկայությամբ ֆիզիկական բռնության է ենթարկել կնոջը։
«Վրաստանի ներքին գործերի նախարարության կատարած քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը հունվարի 15-ի երեկոյան, ալկոհոլի ազդեցության տակ, գենդերային անհանդուրժողականության հիմքով վիճաբանության ժամանակ անչափահաս երեխաների ներկայությամբ ֆիզիկական բռնության է ենթարկել կնոջը։
Իրավապահները նույն օրը ձերբակալել են մեղադրյալին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի «բ» ենթակետի 2-րդ մասով»,- radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ ասել է դատախազ Մարիամ Մելաձեն։
Ի դեպ, Քասրաշվիլիին ընտանեկան բռնության համար Վրաստանի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել հունվարի 17-ին: