Վրաստանի կառավարությունը փոփոխություններ է կատարել Բիձինա Իվանիշվիլիի բիզնես գործընկեր Վանո Չխարտիշվիլիի ընտանեկան ընկերությանը փոխանցված գույքի սեփականաշնորհման պայմաններում։ Այս մասին նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) զեկույցում:
Ըստ TI-ի՝ կառավարության վարչակազմը չի պարզաբանում, թե կոնկրետ ինչ է փոխվել։ Խոսքը 2023 թվականի դեկտեմբերի 4-ի որոշման մասին է, ըստ որի՝ 2014 թվականին «Սոմգոս կոմպանիա»-ին հանձնված գույքի մասնավորեցման պայմաններում փոփոխություններ են կատարվել։
2014 թվականին պետությունը «Սոմգոս կոմպանիա»-ին Սիղնաղիում 35 հազար քառակուսի մետր հողամասը տվել է խորհրդանշական 1 լարիով՝ հյուրանոց կառուցելու, խաղողի այգի մշակելու, տեղացիներին աշխատանքի տեղավորելու պայմանով։ Ներդրումային պարտավորությունը չի կատարվել ի սկզբանե համաձայնեցված 3 տարվա ընթացքում, որից հետո ժամկետը երկարացվել է երկու անգամ՝ 2016 թվականին և 2018 թվականին:
ՀԿ-ի փոխանցմամբ՝ ծրագրի ներդրումային ժամկետի երկարացմանը, հավանաբար, վերաբերում է նաև 2023 թվականի դեկտեմբերի 4-ի հրամանագիրը։ Նախկինում սեփականաշնորհման այս դեպքը դարձել է «TV Պիրվելի»-ի հետաքննող լրագրողների դիտարկման առարկան:
TI-ի տեղեկություններով՝ 2007 թվականի օգոստոսի 9-ին հիմնադրված «Սոմգոս կոմպանիա» ՍՊԸ-ի սեփականատերը Սեյշելներում գրանցված օֆշորային Sonata Alliance Inc.-ն է, որի 100 տոկոս սեփականատերը և տնօրենը 2014 թվականից Վանո Չխարտիշվիլիի զավակն է՝ Նաթիա Չխարտիշվիլին։ «Սոմգոս կոմպանիա» ՍՊԸ-ի տնօրենը Լևան Սկամկոչաիշվիլին է, ով միաժամանակ զբաղեցնում է Վանո Չխարտիշվիլիի «Թբիլիսի Տոբակո» ընկերության տնօրենի պաշտոնը։
Ըստ կազմակերպության՝ հարցեր են ծագում, երբ իշխանությունը պայմաններ է փոխում իշխող կուսակցությանը մոտ կանգնած անձի բիզնեսում և թաքցնում այդ մասին տեղեկությունը։
«Հաշվի առնելով, որ պետական ակտիվների մասնավորեցումը կոռուպցիայի համար խոցելի ոլորտ է, հատկապես երբ ակտիվները փոխանցվում են օֆշորային ընկերություններին, անհրաժեշտ է պահպանել թափանցիկության ամենաբարձր չափանիշները», — նշված է հայտարարության մեջ:
TI-ը կոչ է անում կառավարությանը հրապարակել հրամանագիրը. «Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարության վարչակազմին գործել Վրաստանի օրենսդրության պահանջներին համապատասխան, հրաժարվել կառավարության որոշումներն ու վարչապետի հրամանները թաքցնելու անօրինական պրակտիկայից և այդ փաստաթղթերը հրապարակայնացնել»: