2023 թվականին Վրաստանում մարդու իրավունքների վիճակը անհավասար էր, նշված է Human Rights Watch միջազգային (HRW) իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցում:
Ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ անցյալ տարի վրացական քաղաքականության մեջ գերիշխող ամենահրատապ հարցերից էր լարվածությունը, որը կապված էր Վրաստանի կառավարության՝ երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու համար Եվրամիության կողմից առաջադրված 12 առաջնահերթությունների կատարման հետ:
Զեկույցում, ի թիվս այլ հարցերի, խոսվում է նաև «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի մասին:
«Կառավարությունը փորձեց ընդունել «օտարերկրյա գործակալների» մասին օրենք, որը կխաթարեր խոսքի ազատությունը: Իրավապահ մարմինների կողմից շարունակվում էր հաշվետվողականության բացակայությունը խախտումների, մասնավորապես՝ հավաքների ազատության հետ կապված: Մարդու իրավունքների այլ խնդիրներ ներառում էին ԶԼՄ-ների ազատության սահմանափակումները և լրատվամիջոցների վրա հարձակումները, ինչպես նաև՝ անարդար աշխատանքային պայմանները: Լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսգենդերների (ԼԳԲՏ) իրավունքները ներառված չեն մարդու իրավունքների ազգային ռազմավարության մեջ»,- նշված է զեկույցում:
Ըստ զեկույցի՝ «գործակալների օրենքի» համար բողոքելու հավաքվածների դեմ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել։ Հանրային պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ այդ միջոցառումները եղել են անհամաչափ և ոչ անհրաժեշտ, և Հատուկ քննչական ծառայությունը սկսել է ուսումնասիրել իրավապահների գործողությունները՝ լիազորությունները չարաշահելու վերաբերյալ 124 բողոք ստանալուց հետո։
Փաստաթղթում նշվում է, որ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը երկիր կատարած այցից հետո մտահոգություն է հայտնել իրավապաշտպանների գործունեությունը խաթարելուն ուղղված համակարգված ջանքերի կապակցությամբ։ Զեկույցում ասվում է, որ սեպտեմբերին Պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն էր սկսել ենթադրյալ «դավադրության» վերաբերյալ, որը ֆինանսավորվել է ԱՄՆ զարգացման գործակալության՝ USAID-ի կողմից. «ԱՄՆ կառավարությունը կտրականապես հերքել է այդ մեղադրանքները: Զեկույցը գրելու պահին վրացական անվտանգության ծառայությունները հարցաքննել են տասնյակ ակտիվիստների, և նրանք ստորագրել են չբացահայտման համաձայնագրեր, որպեսզի թույլ չտան այս գործը հրապարակայնորեն քննարկել»:
Զեկույցի հեղինակները նշում են Tbilisi Pride փառատոնի տապալման փաստը. «Իշխանությունները հետաքննություն են սկսել, սակայն հարձակման առնչությամբ ոչ ոք ձերբակալված չէ»։
Բացի այդ, փաստաթղթում խոսվում է երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մասին. «Փետրվարին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որով լուրջ անհանգստություն էր հայտնում բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ։ Եվրախորհրդարանը կոչ արեց ազատ արձակել նրան և արտերկրում պատշաճ բուժօգնություն տրամադրել»։