Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան իշխող «Վրացական երազանք» կուսակցության նորընտիր պատվավոր նախագահ, իշխող կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին բանավեճի է հրավիրում։ Այդ մասին Գախարիան ծավալուն հայտարարություն է արել կուսակցության քաղխորհրդի նիստում, որի ձայնագրությունը տարածել է հենց կուսակցությունը։
Գախարիան ասել է՝ իր հրաժարականի առաջին իսկ օրվանից Իվանիշվիլին հստակ գիտեր, որ իրենց ոչ ոք և ոչինչ չի կարող խանգարել: Ըստ նրա՝ Իվանիշվիլին հստակ գիտեր, որովհետև ամենից լավ և մանրամասն տեղյակ էր իր հրաժարականի պատճառների մասին:
«Երեք տարի է՝ անիծում է: Նույնիսկ նամակներով էր անիծում, հետո՝ այս փոքրիկ վախկոտ տղաների միջոցով (նկատի ունի իշխանության ներկայացուցիչներին — խմբ.), հիմա հայտնվեց ու շարունակում է անիծել։ Երբեմն մտածում եմ՝ Իվանիշվիլիին թվում է, թե իր անեծքն ինչ-որ կախարդական ուժ ունի։ Իրականում կախարդական ուժ չի, այլ՝ այնքան է խաբել ժողովրդին և թիմին, որ նրա խոսքն այլևս ուժ չունի։ Դրա համար էլ շարունակում է անիծել»,-ասել է Գախարիան:
Գախարիայի գնահատմամբ՝ Իվանիշվիլիի երրորդ անգամ քաղաքականություն վերադարձը հարկադիր քայլ է. «Լավ է, որ նա ուժերը հավաքեց և գնաց այս քայլին, քանի որ շատ բան խոստովանեց. խոստովանեց, որ բոլոր կարևոր որոշումների հետևում ինքն է կանգնած… Նա խոստովանեց, որ այս փոքրիկ վախկոտ տղաները (նկատի ունի իշխանության ներկայացուցիչներին — խմբ.) ոչ մի լավ բանի չեն հասնում, և իհարկե` չի կարող հույս դնել նրանց վրա։ Հուսով եմ՝ ինքը գիտակցում է, որ չի կարող լքել երկիրը։ Ամենակարևորը՝ նա ընդունեց, որ կոռուպցիա կա, և խոստովանեց, որ երկրում առկա են համակարգային լուրջ կոռուպցիոն ռիսկեր»:
Ի դեպ, Վրաստանի հանրային ռեգիստրի ազգային գործակալության կայքի քաղաքական միավորումների (կուսակցությունների) ռեգիստրում հրապարակվել են Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան»-ի 2023 թվականի դեկտեմբերի 30-ի յոթերորդ արտահերթ համագումարի հաստատած փոփոխությունները: Ըստ փոփոխության՝ երկրի վարչապետի թեկնածուին կառաջադրի կուսակցության պատվավոր նախագահը, այսինքն՝ Իվանիշվիլին:
Իվանիշվիլին դեկտեմբերի 30-ին «Վրացական երազանք»-ի համագումարում ընտրվել է կուսակցության պատվավոր նախագահ և հայտարարել քաղաքականություն վերադարձի մասին: