Եվրամիությունը և տասնյակ երկրներ, այդ թվում՝ Վրաստանը, համատեղ հայտարարություն են հրապարակել՝ դատապարտելով Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների փոխանցումը Ռուսաստանին։
«Մենք խստորեն դատապարտում ենք Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունից (ԿԺԴՀ) բալիստիկ հրթիռների արտահանումը և Ռուսաստանի կողմից ԿԺԴՀ-ից բալիստիկ հրթիռների գնումը, ինչպես նաև՝ Ռուսաստանի կողմից այդ հրթիռների օգտագործումն Ուկրաինայի դեմ 2023 թվականի դեկտեմբերի 30-ին և 2024 թվականի հունվարի 2-ին»,- նշված է հայտարարության մեջ։
Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ զենքի փոխանցումը ենթադրում է աջակցություն Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին. «Մենք խորապես մտահոգված ենք Եվրոպայում, Կորեական թերակղզում, հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում այս համագործակցության անվտանգության հետևանքով»:
Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, Եվրամիության անդամ և ոչ անդամ երկրները նշում են, որ Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռների փոխանցումը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի քանի բանաձևեր։
«Մենք Հյուսիսային Կորեային և Ռուսաստանին կոչ ենք անում կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան հանձնարարականները և անհապաղ դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք խախտում են դրանք»,- նշված է հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրել են Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, այլ երկրներ:
Ի դեպ, ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները պարզել են, որ Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմում օգտագործելու համար բալիստիկ հրիթռներ է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտնել է, վերջերս գաղտնազերծված հետախուզական տվյալները վկայում են, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին մատակարարել է մի քանի բալիստիկ հրթիռ և դրանք արձակելու կայանքներ:
«Ռուսական զորքերն առնվազն մեկ այդպիսի հրթիռ են արձակել Ուկրաինայի վրա դեկտեմբերի 30-ին»,- ասել է Քիրբին: